ՀՅԴ խորհրդաժողովում մատնանշվել են Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակի բացասական երևույթները
Օգոստոսի 24-ից 26-ը Երևանում տեղի ունեցավ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդաժողով։ Համահայկական այս միջոցառմանը մասնակցում էին Հայրենիքի եւ արտերկրի կուսակցական մարմինների և շրջանների ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ։ ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնած միջոցառման նպատակն էր քննել կազմակերպական խնդիրներ, հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը, ՀՀ ներքին քաղաքական վիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցեր։
Խորհրդաժողովն անդրադարձավ հայության և հայոց պետականության առջև ծառացած խնդիրներին և նոր մարտահրավերներին։
Շեշտվեց, որ իր օրակարգային հիմնահարցերին համարժեքորեն արձագանքելու համար ՀՅ Դաշնակցությունը պետք է ներդնի հավելյալ ջանքեր, հանդես գա համակուսակցական ամբողջական ներուժով։
Խորհրդաժողովը արձանագրեց, որ կազմակերպական-կարգապահական հարցերի լուծման հիմնական միջոցը գործն է։
Նոր ժամանակներին եւ իրողություններին համաքայլ ընթանալու համար անհրաժեշտ է շարունակաբար հստակեցնել մարտավարական անելիքները, առավել ճկուն եւ արդյունավետ դարձնել գործելաոճը, առավել արդյունավետ կիրառել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները։
Քննելով Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյա-հոգեբանական վիճակը` խորհրդաժողովը մատնանշեց մի շարք բացասական երևույթներ, որոնք մտահոգիչ են հայոց պետականության համար։ Շեշտվեց մասնավորապես արտագաղթի խնդիրը, որն ազգային անվտանգությանը սպառնացող հիմնահարց է։ Այս գործընթացը կասեցնելու համար անհրաժեշտ նկատվեց, որ պետությունը որդեգրի արտագաղթի պատճառները վերացնող սոցիալ-տնտեսական եւ այլ բնույթի համալիր ծրագիր։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը մշակել է նման ծրագրի համար իր առաջարկների փաթեթը, որը կներկայացվի հանրությանը։
Քննելով Հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը` խորհրդաժողովը հաստատեց.
- Տարածաշրջանում տեղի են ունենում բախտորոշ գործընթացներ, որոնք հանգեցնելու են գլոբալ փոփոխությունների։ Այս փոփոխություններին ենթակա է նաեւ հարավկովկասյան շրջանը՝ նոր մարտահրավերների առջեւ կանգնեցնելով մեր երկիրը։
- Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը ներկայումս ենթակա է փորձության։ Մեր պետականությունը գտնվում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ նոր հավասարակշռության կայացման շեմին։
- Առկա մարտահրավերները դիմագրավելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ամրապնդվի ներքնապես, միատեղի համայն հայության ներուժը, հստակեցնի եւ վարի նպատակային ու ակտիվ արտաքին քաղաքականություն։
- Խորհրդաժողովը արձանագրեց, որ ՀՅԴ-ն չի հանդուրժի որեւէ ոտնձգություն ԼՂՀ պետականության եւ բնակչության անվտանգության դեմ։ Այս տեսանկյունից կարեւոր է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին նոր թափ տալը։
- Ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ պետք է ծառայի ուժեղացնելու Հայ Դատի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բանաձեւելու նոր հանգրվանի շեմին հայության պահանջատիրական թիրախները եւ ընդլայնելու Հայ Դատի ուղղությամբ տարվող աշխատանքների բովանդակությունն ու աշխարհագրությունը։
- Կարեւորելով քաղաքական փոխհարաբերությունների առաջնահերթությունները` Հայաստանը պետք է ձգտի բազմակողմ տնտեսական-քաղաքական կապերի՝ ապահովելով իր համար անկախ քաղաքականության երաշխիքներ։
- Խորհրդաժողովը քննարկեց Միջին Արեւելքի երկրներում տեղի ունեցող զարգացումներն ու տեղի հայության եւ ի մասնավորի սիրիահայության վերաբերող հարցերը։ Սիրիահայության խնդիրը, պետական, ազգային եւ կուսակցական առումով մեզ համար մնում է հիմնական առաջնահերթություն։ Սիրիահայության նյութական ու տնտեսական ծանր կացությունը թելադրում է օժանդակության ապահովման խնդիրը դիտել որպես ամենօրյա եւ տեւական աշխատանք։ Միաժամանակ հայության վտանգված հատվածի բազմակողմ հիմնահարցերը լուծելու նպատակով անհրաժեշտ է թափ հաղորդել երկրների կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքին։
Հայաստանի ու Սփյուռքի ամբողջական համարկումը տեւական գործընթաց է, որ կարելի է անխոչընդոտ առաջ տանել` կենտրոնանալով դրական ձեռքբերումների եւ երկուստեք հստակեցված թիրախների վրա։
Խորհրդաժողովը հաստատեց, որ Հայությանն ու Հայաստանին ծառայության համար կուսակցության հզորացումը Հարենիքում եւ Սփյուռքում մնում է առաջնահերթություն, որի ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր։
ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ
2013թ. օգսոտոսի 26