Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի խոսքով՝ Հայրիկյանին վախեցնելու առաջարկ արել է գործով մյուս ամբաստանյալ Սամվել Հարությունյանը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը: Նա ասաց, որ ինքն իրեն մեղավոր է ճանաչում միայն ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու համար: Նա ասաց, որ ինքը քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի նկատմամաբ սպանության փորձ չի կատարել: Խ. Պողոսյանի խոսքով՝ նախաքննության ընթացքում ասել է՝ Պ. Հայրիկյանին վախեցնելու պատվերը ստացել է Վարդան Սեդրակյանից, սակայն դատավարության ժամանակ ասել է իրականությունը. Վարդան Սեդրակյանը գործի հետ կապ չունի, նրանից Պ. Հայրիկյանին ոչ վախեցնելու, ոչ էլ առավելապես սպանելու պատվեր չի ստացել: Նրա խոսքով՝ Պ. Հայրիկյանին վախեցնելու առաջարկ արել է գործով մյուս ամբաստանյալ Սամվել Հարությունյանը, ով դժգոհ է եղել Վ. Սեդրակյանից ստացած վարձատրությունից:

Խ. Պողոսյանը վստահեցերեց, որ ինքը ցանկության դեպքում կարող էր հանգիստ սպանել Պ. Հայրիկյանին. ինքն իր մոտ «Նագան» տեսակի ատրճանակ ուներ, որի մեջ բացի երկու կրակված փամփուշտից ևս յոթ փամփուշտ կար, կարող էր կրակել Պ. Հայրիկյանի կրծքավանդակին կամ էլ գլխին: Նա ասաց, որ եթե տուժող Պ. Հայրիկյանն անկանոն շարժումներ չաներ, ապա նրան որևէ վնաս չէր պատճառի իր գործողությունների արդյունքում: Ամբաստնայալ Խ. Պողոսյանն ասաց, որ չնայած մեղադրողը միջնորդել է Վարդան Սեդրակյանին գործով մեղավոր ճանաչել, այնուամենայնիվ, քննության ընթացքում նույնիսկ չի պարզվել՝ ինչ շարժառիթներ կային դրա համար և ինչ կարող էր փոխվել նրա սպանությունից հետո: Ամբաստանյալ Խ. Պողոսյանը խնդրեց հիմք չընդունել իր զոքանչի՝ Կարինե Էլչակյանի ցուցմունքները. ըստ ամբաստանյալի՝ վերջինիս հետ նախօրոք պայմանավորվել էին ասելիքի մասին:

Պաշտպանական ճառով պետք է հանդես գար նաև գործով մյուս ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը, սակայն վերջինս ասաց, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող խոսել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:

Տեսանյութեր

Լրահոս