Աշնանացան ցորենի սերմի բարձր որակը երաշխավորված է
ՀՀ կառավարության որոշմամբ սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման նպատակով նախատեսվում է ներկրել աշնանացան ցորենի 420 տոննա սուպեր էլիտային և 20 տոննա էլիտային սերմեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը հանրապետության առաջատար փորձագետների հետ օգոստոսի 10-25-ը գտնվում էին ՌԴ-ի Ստավրոպոլի երկրամասում, որպեսզի տեղում ստուգեն սերմացուի որակական բոլոր հատկանիշները: Ռուսաստանի Դաշնություն մեկնած անկախ փորձագետները տեղում իրականացրել են սուպեր էլիտային 8 և էլիտային 4 սորտերի զննում, ստուգել դրանց համապատասխանությունն ըստ ՀՀ կառավարության ներկայացրած բոլոր չափորոշիչների՝ զտում, ախտահանում, ակտերի և հավաստագրերի առկայություն:
Հանձնաժողովն ընտրողաբար նաև կշռել է սերմացուի պարկերը, ճշտել պարկերի մաքուր քաշը: Օրվա օպերատիվ տվյալով` 320 տոննա սերմացուն բաշխվել է մարզերին, 100 տոննան արդեն Հայաստան է ներկրված, իսկ վերջին խմբաքանակը ճանապարհին է և մինչև սեպտեմբերի մեկը կբաժանվի գյուղացիական տնտեսություններին: