Հովհաննես Ազոյանը՝ Տիգրան Առաքելյանի գործի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատաքննությունը: Դատական նիստին հետևում էր նաև հումորիստ Հովհաննես Ազոյանը: Լրագրողների հետ զրույցում վերջինս ասաց, որ մերթընդմերթ տեղեկություններ ունենում է գործով ամբաստանյալ, արդեն երկու տարի անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանից: Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը մեկ անգամ այցելել էր Տիգրան Առաքելյանին կալանավայրում: Նրա խոսքով՝ դրանից հետո Տիգրան Առաքելյանին չի այցելել: «Ես կարծում եմ, որ ամոթ է բանտում նման մարդ ունենալ»,- ասաց հումորիստը:
Խոսելով դատական նիստի ընթացքից՝ Հովհաննես Ազոյանն ասաց, որ կարճ ժամանակով է ներկա եղել նիստին, սակայն պրոֆեսիոնալ մոտեցում չի տեսել:
«Ես կարծում եմ, որ քաղաքական որոշում է պետք կայացնել, որպեսզի դատարանը կատարի անկախ քննություն: Եթե կա այդ որոշումը, մենք կտեսնենք արդարցի լուծում, եթե չկա որոշումը, դեռ շարունկվելու է այսպես, ու մեր երկիրը… ես չեմ պատկերացնում ինչ կարելի է անել այդ դեպքում»,- ասաց Հովհաննես Ազոյանը: Ըստ նրա, եթե կարծում են՝ այս դեպքը օրինակ է՝ երիտասարդներին ճնշելու համար, սխալվում են. «Ձնագունդը գնալով մեծանալու է և մի օր եթե հիմա իրենք կարողանում են կառավարել դա, մի օր ուղղակի չեն կարողանալու կառավարել և փաստի առաջ կկանգնենք մենք բոլորս: Ես խնդրում եմ մեր իշխանություններին, որպեսզի քաղաքական կամք ունենան, քաղաքական որոշում կայացնելու, արդարացի լուծում տալու այս հարցրեին, որպեսզի ձեռք բերեն վստահություն և միասին շարժվենք առաջ»: