Աբրահամը միավորներով հաղթեց Շիհեփոյին (տեսանյութ)
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այս գիշեր միավորներով առավելության հասավ Նամիբիան ներկայացնող Վիլբեֆորս Շիհեփոյի նկատմամբ:
Թեև շատերը սպասում էին, որ աֆրիկացին լուրջ խնդիրներ չի առաջացնի Արթուրի համար և հայ բռնցքամարտիկը ժամանակից շուտ կավարտի մենամարտը, այդուհանդերձ, Շիհեփոն գերազանց տպավորություն թողեց և գրեթե հավասար պայքար մղեց տիտղոսակիր բռնցքամարտիկի հետ:
Եթե առաջին 5 ռաունդներն անցան Աբրահամի առավելությամբ, ապա 6-11-րդ ռաունդում Շիհեփոն ոչնչով չզիջեց նրան, բայց վերջին՝ 12-րդ ռաունդում փորձառու Աբրահամը հավաքվեց և միավորների լուրջ պաշար կուտակեց:
Արդյունքում մրցավարների միաձայն որոշմամբ (116:113, 116:112, 117:111) հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին, ինչի շնորհիվ հայ բռնցքամարտիկը կրկին հնարավորություն կստանա մենամարտել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: