Բաց նամակ ՀՀ նախագահին. ՀԿ-ներն՝ ի պաշտպանություն «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ընկերության

Սյունիքի մարզկենտրոնի թվով 8 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ բողոքելով ոչ թե հանքերի շահագործման դեմ, այլ պաշտպանելով «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը:

«Մեծարգո պարոն նախագահ.

Սովորաբար Ձեզ և կառավարությանն ենք դիմում այս կամ այն հանքերի շահագործումը դադարեցնելու պահանջով, որոնք բնապահպանական տեսանկյունից անթույլատրելի են և հասարակության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Բայց այս նամակն իր բովանդակությամբ տարբերվում է մյուսներից,  և, որքան էլ որ զարմանալի է, մենք այս հարցում թիկունք ենք կանգնում Կապանում գործող «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը: Խնդիրը կայանում է նրանում, որ ըստ ընկերության գլխավոր տնօրենի, բնապահպանության նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իրենց գործառույթները իրականացնում են ոչ պատշաճ, որի շարունակական լինելու դեպքում ընկերության տնօրինութունը ստիպված կլինի աշխատանքից ազատել ընկերության մոտ 300 աշխատակիցների:

«Դանդի Փրեշս Մեթալս Կապան»  ՓԲ ընկերությունը Կապանում սոցիալական կայունություն ապահովող ձեռնարկություն է և մենք չենք կարող հանդուրժել, որ պետական կառույցները արհեստականորեն վարչարարական խնդիրներ առաջացնեն` խախտելով ընկերության բնականոն գործունեությունը:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը մարզկենտրոնի համար, հայցում ենք Ձեր միջամտությունը, վերոնշյալ կառույցների համապատասխան պաշտոնյաների հանդեպ ծառայողական քննություն անցկացնելու և պետական տարբեր կառույցների կողմից անհարկի խոչընդոտները վերացնելու նպատակով»:

Հարգանքով`
«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան
«Կապանի Օրհուս կենտրոն»-ի համակարգող` Աշոտ Ավագյան
Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ` Խորեն Հարությունյան
Հաշմանդամների աջակցության Սյունիքի մարզի «ՈՂՋԻ» ՀԿ նախագահ` Կամո Դավթյան «Մշակույթ և հասարակություն» ՀԿ նախագահ` Գագիկ Ղահրամանյան
«Խուստուփ» բնապահպանական ՀԿ նախագահ` Վլադիկ Մարտիրոսյան
«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ` Քրիստինա Սաղաթելյան
«Կապանի Տարածաշրջանի Զարգացման» Հիմնադրամի գործադիր տնօրեն` Կատերինա Գաբրիելյան
«Մեղու» ՀԿ նախագահ` Վլադիկ Ղուկասյան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ 168.am-ը անդրադարձել էր «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի ասուլիսին, որտեղ նա հայտարարեց, որ բնապահպանության նախարարությունն ու ՊԵԿ-ը գործում են օրենքից դուրս: Ջաբրայանը մտադրություն ունի անձամբ հանդիպելու երկրի նախագահին՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս