Բաժիններ՝

Անկարայում այսօր տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ այսօր՝ կեսօրվա ժամերին, Չանքայա նախագահական նստավայրում մեկնարկելու է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը, որը նախագահելու է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

ԱԱԽ-ի նիստը պետք է տեղի ունենար օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, սակայն անցկացվում է դրանից մեկ շաբաթ շուտ՝ կապված նրա հետ, որ հաջորդ շաբաթ զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ են տալու ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուն, ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի ծովակալ (հատուկ չին Թուրքիայի զինված ուժերում) Մուրադ Բիլգելը, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մեհմեթ Էրթենը և Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Բեքիր Քալյոնջուն:

Օգոստոսի սկզբին Անկարայում անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի (Yüksek Askeri Şura, YAŞ) նիստի արդյունքներով` որոշվել էր, որ Հայրի Քըվրըքօղլուին փոխարինելու է բանակի գեներալ Հուլուսի Աքարը, Մուրադ Բիլգելին՝ փոխծովակալ Ռեջեփ Բյուլենթ Բոսթանօղլուն, Մեհմեթ Էրթենին՝ գեներալ-լեյտենանտ Աքըն Օզթյուրքը, իսկ Բեքիր Քալյոնջուին՝ բանակի գեներալ Սերվեթ Յորյուքը:

ԱԱԽ-ի այսօրվա նիստում քննարկվելու են Սիրիայի, Իրաքի ու Եգիպտոսի վերջին զարգացումները, ինչպես նաև սեպտեմբերին պլանավորված Քրդական ազգային կոնգրեսի անցկացման հարցը: Սիրիայի հետ կապված՝ ուշադրություն է հատկացվելու քրդաբնակ տարածաշրջանի զարգացումներին: ԱԱԽ-ի նիստում քննարկվելու են նաև ներքին անվտանգությանն առնչվող «թեժ թեմաներ»:

ԱԱԽ-ի նիստից առաջ իրենց պաշտոնները թողնել պատրաստվող վերոնշյալ չորս հրամանատարները հրաժեշտի հանդիպումներ են ունենալու նախ վարչապետ Ռեջեփ Էրդողանի, ապա նաև նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս