«Մոտ 4000-5000 մարդ, որոնք կռվի դաշտի տեղը չգիտեն, պատերազմի մասնակից են համարվում»
Մի խումբ ազատամարտիկներ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկների խորհրդի անդամ Վոլոդյա Ավետիսյանի հետ միասին պատրաստվում են նստացույց անել Վանաձորում, որի ժամանակ դարձյալ ազատամարտիկների սոցիալական հարցերի մասին են բարձրաձայնելու: Այդ մասին Galatv.am-ի հետ զրույցում ասել է Վոլոդյա Ավետիսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ իրենք ցանկանում են Երևանում ազատամարտիկների մեծ հավաք կազմակերպել, սակայն դեռևս ֆինանսական խնդիրներ ունեն, այդ խնդիրը լուծելուց հետո կանցկացնեն իրենց հավաքը, որպեսզի մարզերում բնակվող ազատամարտիկները կարողանան հասնել Երևան:
Վանաձոր կմեկնեն չորս հոգով, սակայն այնտեղ նրանց կմիանան տեղի ազատամարտիկները և բոլորին իրենց գործի մասին իրազեկելուց հետո կվերադառնան ու կնախապատրաստվեն Սյունիքի մարզ մեկնելուն:
«Իմ նախաձեռնությամբ ստեղծվել է ազատամարտիկների խորհուրդը և մենք կոնկրետ զբաղվում ենք ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների թոշակներով, սոցիալական խնդիրներով, ինչ հարց որ մենք երեք ամիս է բարձրացնում ենք, մենք կոնկրետ այդ հարցով ենք զբաղվելու և հետևողական ենք լինելու: Այսօր արդեն նախարարությունից տեղեկություն ունենք, որ հանձնաժողով են ստեղծել իսկական ու կեղծ ազատամարտիկներին իրարից զատելու համար, որի հետ մենք համաձայն ենք: Երևի մոտ 4000-5000 մարդ, որոնք որ կռվի դաշտի տեղը չգիտեն, իրենք պատերազմի մասնակից են համարվում ու օգտվում ինչ-որ բաներից և այլն: Այնպես չպետք է լինի, որ մարդը գիշեր-ցերեկ գնացել հայրենիքի համար կռվել է, մի մասը զոհվել են, իսկ էսօր ոմանք գալիս են, երկու հատ էլ մեդալ են խփել դոշներին՝ պատերազմի մասնակցի անվան տակ ման են գալիս, որը որ շատ ամոթ է»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը:
Այն հարցին, որ ազատամարտիկների մի մասն էլ բարձրաձայնում է՝ իրենց խնդիրներից բացի զբաղվելու է նաև ժողովրդի խնդիրներով և այդ պատճառով էլ առանձնացել են միմյանցից, Վոլոդյա Ավետիսյանն ասել է, որ իրենք իրենց առջև խնդիր են դրել և որքանով կարող են այդ խնդիրը կփորձեն լուծել, բայց իրենց ուժերից վեր է այսօր ժողովրդի հարցերը բարձրացնել և ուղղություն տալ:
«Կարևոր չէ հարց բարձրացնելը, կարևորը հարցին լուծում տալն է, կարևորը ինչ-որ բանի հասնելն է, թե չէ քսան տարի է կուսակցությունները ժողովրդի անունից խոսում են, ինչի՞ ենք հասել: Մենք ուզում ենք, որ այն տղաները, որոնք այսօր վատ վիճակի մեջ են, որ այս երկրի համար կռվել են, կարողանան ապրել: Իսկ դրա հետ մեկտեղ արդեն չի կարող պատահել, որ ժողովրդի խնդրով չզբաղվի կառավարությունը, դա անբարոյական կլինի, եթե ազատամարտիկների կենսաթոշակները բարձրացնեն, կրկնապատկեն, իսկ ժողովուրդը մնա այդ կարգավիճակում: Ո՛չ, ես պաշտոնապես ասում եմ՝ մենք հետագայում պայքարելու ենք նաև մեր ժողովրդի համար, երկիրը փրկելու համար, ի՞նչն է անհասկանալի»,- հավելել է Վոլոդյա Ավետիսյանը:
Galatv.am, Լիլիթ Թադևոսյան