Միլիարդավոր դոլարներ վաստակելու համար մաքսանենգներն օգտվում են ավանակների ծառայություններից. Taraf
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ ամեն գիշեր խորհրդավոր սիրիացիները ավանակի վրա նստած, սայլով կամ հետիոտն անցնում են Թուրքիայի սահմանը՝ զբաղվելով մազութի մաքսանենգությամբ: Նրանք երբեմն բախվում են թուրք սահմանապահների հետ:
Թուրքիան ամենաերկար ցամաքային սահմանը (877 կիլոմետր) ունի հենց Սիրիայի հետ, և ամեն գիշեր «մաքսանենգ մազութը» տարբեր տեղերից մուտք է գործում Թուրքիա: Մեկ գիշերվա ընթացքում ապօրինի ճանապարհով Թուրքիա ներկրվող մազութի ծավալը հասել է մինչև 1500 տոննայի:
Տարեկան կտրվածքով՝ Թուրքիա ներկրվող «մաքսանենգ մազութի» շուկայակական գինը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար: Թուրքիայի Էներգետիկ շուկան կարգավորող միության (EPDK) տվյալներով՝ Միջերկրածովյան և Հարավ-անատոլիական տարածաշրջանում տարեկան վառելիքի գրանցված վաճառքը կազմում է 3.2 միլիոն տոննա դիզել և բենզին:
Չնայած դրան՝ Սիրիայի սահմանից մուտք գործող մազութի տարեկան ծավալը հասնում է 575.000 տոննայի, ինչը կազմում է այդ երկու տարածաշրջաններում վաճառվող վառելանյութի 17 տոկոսը, իսկ ողջ Թուրքիայի մասշտաբով (17 միլիոն տոննա)՝ 3.4 տոկոսը:
Ներկայումս մազութի մեկ լիտրն արժե 4.23 թուրքական լիրա (1 դոլարը հավասար է 1.94 լիրայի), ինչը նշանակում է, որ տարեկան ներկրվող «մաքսանենգ մազութի» շուկայական արժեքը կազմում է 2.3 միլիարդ լիրա կամ մոտ 1.2 միլիարդ դոլար: Նշվում է, որ Թուրքիա է ներկրվում նաև «մաքսանենգ նավթ»: