Հայաստանը խորհրդարանում ներկայացված կանանց ցուցանիշով աշխարհում 142-րդն է

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը խորհրդարանում ներկայացված կանանց ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 134-րդ տեղը՝ չնայած նրան, որ կանայք կազմում են ընտրողների ընդհանուր թվաքանակի 60 տոկոսը: Այս մասին վկայում են Համաշխարհային բանկի տվյալները:

2012 թվականին խորհրդարանում ներկայացված կանանց քանակով առաջին տեղը զբաղեցրել է Ռուանդան՝ 56 տոկոս, ապա գալիս են Անդորրան՝ 50 տոկոս, և Կուբան՝ 45 տոկոս: ԵՄ-ում առաջին և աշխարհում չորրորդ տեղը զբաղեցրել է Շվեդիան՝ 45 տոկոս:

Գերմանիան 26-րդն է՝ 33 տոկոս, Ֆրանսիան՝ 40-րդը՝ 27 տոկոս, Լեհաստանը՝ 59-րդը՝ 24 տոկոս, Մեծ Բրիտանիան՝ 65-րդը՝ 23 տոկոս, Իտալիան՝ 73-րդը՝ 21 տոկոս: ԵՄ-ում առաջատարները սկանդինավյան երկրներն են. Ֆինլանդիայի ցուցանիշը կազմել է 43 տոկոս, Նորվեգիայինը՝ 40 տոկոս, Դանիայինը՝ 39 տոկոս:

Ուշագրավ է, որ Աֆղանստանի ցուցանիշը կազմել է 28 տոկոս (39-րդ տեղ), Իրաքինը՝ 25 տոկոս (47-րդ տեղ), մինչդեռ ԱՄՆ-ի ցուցանիշը կազմել է գրեթե 30 տոկոս, ինչը համարվում է տվյալ ոլորտում նրա ամենաբարձր ցուցանիշը ողջ պատմության ընթացքում:

Հետխորհրդային երկրներից 25 տոկոսի շեմը հաղթահարել է միայն Բելառուսը՝ զբաղեցնելով 43-րդ տեղը (27 տոկոս), ապա գալիս են միջինասիական երկրները՝ Ղազախստանը՝ 24 տոկոս (55-րդ տեղ), Ղրղզստանը՝ 23 տոկոս (60-րդ տեղ), Ուզբեկստանը՝ 22 տոկոս (70-րդ տեղ):

Մոլդովան 82-րդ տեղում է (20 տոկոս), Թուրքմենստանը՝ 98-րդն է (18 տոկոս), Ադրբեջանը՝ 102-րդը (16 տոկոս), Ռուսաստանը՝ 119-րդը (14 տոկոս), Վրաստանը՝ 134-րդը (12 տոկոս), Հայաստանը՝ 142-րդը (11 տոկոս), Ուկրաինան՝ 151-րդը (9 տոկոս):

Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Օմանը՝ 1 տոկոս, Սողոմոնյան կղզիները՝ 2 տոկոս և Եգիպտոսը, ուր վերջին երկու տարվա ընթացքում օրենսդիր բարձրագույն մարմնում ներկայացված կանանց քանակը 13 տոկոսից նվազել է մինչև 2 տոկոսի:

Տեսանյութեր

Լրահոս