«Հզբոլլահի» ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ մեկնել Սիրիա
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլահը երեկ հանդես է եկել տեսաուղերձով, որում հայտարարել է, որ պատրաստ է անձամբ մեկնել Սիրիա` կործանելու համար սուննի ծայրահեղականներին, որոնք մարտնչում են ալավի նախագահ Բաշար Ասադի դեմ:
Նասրալլահի խոսքերով` անհրաժեշտության դեպքում Սիրիա է մեկնելու ոչ միայն անձամբ ինքը, այլև` ողջ շարժումը: Նասրալլահը նման կերպ է մեկնաբանել օգոստոսի 15-ին Բեյրութի հարավում` «Հզբոլլահի» վերահսկողության տակ գտնվող գոտում, իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել էր առնվազն 22 և վիրավորվել էր 325 մարդ:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ավելի վաղ անհայտ «Աիշիի բրիգադ» սուննի խմբավորումը: