«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին կփոխի խաղի կանոններն ապագայում. Աբդուլլահ Գյուլ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Գաբալայում կայացող Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի երրորդ գագաթաժողովում անդրադարձել է թյուրքալեզու երկրների կապերին.

«Թյուրքական աշխարհը մեծ մշակույթի կարևոր մասն է: «6 պետություն, 1 ազգ» սկզբունքն ուժի մեջ է: Թուրքիայի նախագահի պաշտոնում ես 19 այց եմ կատարել թյուրքական երկրներ: Պետությունների ղեկավարների մակարդակով այցերը նպաստում են կապերի խորացմանը:

Թյուրքալեզու երկրները գտնվում են այն տարածաշրջանում, որոնք Եվրոպան կապում են Ասիայի հետ, իսկ հյուսիսը՝ հարավի հետ: Ձեռնարկված աշխատանքներից ամենանշանակալիցը «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու նախագիծն է: Այդ երկաթուղին մեծ ներդրում կունենա թյուրքալեզու երկրների միջև կապերի ու առևտրի ընդլայնման մեջ:

Կարևոր քայլ է համարվում Բաքու-Ակտաու և Բաքու-Թուրքմենբաշի լաստանավային երթուղիների բացումը՝ որպես այդ նախագծի շարունակություն: Այդ նախագիծն ուղիղ կապ կստեղծի Չինաստանի ու Եվրոպայի միջև: Մարմարա նախագծի (Բոսֆորի նեղուցի տակով ստորջրյա երկաթուղային թունելի կառուցում) իրագործմամբ Եվրոպայից դուրս գալով կարելի կլինի ԲԹԿ-ով մեկնել ուղիղ Չինաստան:

ԲԹԿ-ն այնպիսի նախագիծ է, որը կփոխի խաղի կանոններն ապագայում: Եթե հիշենք պատմությունը, ապա մենք կտեսնենք, որ ժամանակին, երբ թյուրքական պետությունները եղել են ուժեղ, Մետաքսի ճանապարհը հանդիսացել է աշխարհի գլխավոր առևտրային ուղին: Մետաքսի ճանապարհը թյուրքական աշխարհի քաղաքական ուժեղացման և տնտեսական զարգացման բանալին է»:

Տեսանյութեր

Լրահոս