21-րդ դարը պետք է լինի թյուրքական աշխարհի դար. Իլհամ Ալիև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Գաբալա քաղաքում մեկնարկել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (TÜRKKON) երրորդ գագաթաժողովը:

Դրան մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի ու Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև Թուրքմենստանի փոխվարչապետ Սաֆարդուրդու Տոյլիևը (դիտորդի կարգավիճակով): Գագաթաժողովում Ղրղզստանը TÜRKKON-ի նախագահությունը հանձնել է Ադրբեջանին:

Այն ստանձնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստեղծված Թյուրքական մշակույթի աջակցման ու թյուրքական ժառանգության պահպանման հիմնադրամը դրականորեն կազդի թյուրքալեզու երկրների մշակույթի վրա:

Նա հավելել է, որ ավելի վաղ Նախիջևանում անցկացված հանդիպման ժամանակ հստակեցվել է թյուրքական երկրների միջև համագործակցության ձևաչափը, ըստ որի՝ նրանք պետք է միջազգային կազմակերպություններում մշտապես աջակցեն միմյանց:

Ալիևն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ հայտարարելով, որ դրա շուտափույթ կարգավորումն իր ներդրումը կունենա տարածաշրջանային անվտանգության ապահովման մեջ: Ալիևը հայտարարել է, որ 21-րդ դարը «պետք է» լինի թյուրքական աշխարհի դար, և որ հնարավոր է վաղեմի Մետաքսի ճանապարհի վերականգնումը:

Տեսանյութեր

Լրահոս