Բաժիններ՝

Թունիսում անցկացված հակակառավարական բողոքի ակցիային մասնակցել է 40.000 մարդ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ 40.000 մարդ մասնակցել է երեկ երեկոյան Թունիսում անցկացված հակակառավարական բողոքի ակցիային: Ցուցարարները հավաքվել են երկրի մայրաքաղաքում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց՝ հանդես գալով իշխող «Ան-Նահդա» իսլամական կուսակցության դեմ:

Կուսակցության մի քանի հազար համակիրներ երեկ նույնպես հանրահավաք են անցկացրել: Ցուցարարների բախման մասին ոչինչ չի հայտնվել: Նախորդ շաբաթ իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ համաձայն է Ազգային հիմնադիր խորհրդի (ժամանակավոր խորհրդարան) որոշման հետ դադարեցնել աշխատանքները նախքան երկխոսության սկսվելը՝ քաղաքական բոլոր ուժերին կոչ անելով համատեղ փնտրել ճգնաժամի կարգավորման ուղին:

Թունիսում բողոքի ակցիաները չեն դադարում հուլիսի վերջերից, երբ սպանվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ և իսլամիստների քննադատ Մոհամմեդ ալ-Բրահմին: Դրանից հետո ցուցարարները շարունակ պահանջում են երկրի քաղաքական ղեկավարության հրաժարականը:

Իր ձախ հայացքներով ընդդիմադիր ալ-Բրահմին, ով հանդես էր գալիս իսլամիստների դեմ և կոչ էր անում տապալել իշխանության ղեկին գտնվող իսլամական «Ան-Նահդա» կուսակցությանը, հուլիսի 25-ին սպանվել է սեփական տան մոտ՝ անհայտ անձի հրազենային կրակոցից: Ոստիկանության տվյալներով՝ նրա գլխի շրջանում հայտնաբերվել է 11 հրազենային կրակոցի հետք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս