Ծերացող իշխանության երիտասարդ թշնամիները

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է: Թեև այն Հայաստանում երբեք էլ չի նշվել որպես տոնական օր, սակայն այս տարի իրավիճակը որոշակիորեն առանձնահատուկ է: Այն առումով, որ հենց այս տարի առավել, քան երբևէ երիտասարդությունը դարձավ հասարակական գործընթացների շարժիչ ուժը: Տարիներ շարունակ գրեթե բոլորը խոսում էին մեր երիտասարդության պասիվության, անտարբերության, հարմավողականության մասին և 2013 թվականի ամառը, ըստ էության, կոտրեց բոլոր այդ կարծրատիպերը:

Երևանում ուղեվարձի թանկացման դեմ առավելապես երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի ակցիաները երիտասարդությանը վերադարձրին հասարակական իրադարձությունների հորձանուտ, ինչը, ընդդիմության բացակայության դեպքում, ըստ էության, նրանց մղեց պայքարի առաջին գիծ: Ուղեվարձի թանկացումն ընդամենը առիթ էր և երիտասարդների ակտիվությունը, բարեբախտաբար, այդ  պայքարով չմարեց: Դրա մասին են վկայում արագորեն ավելացող քաղաքացիական-երիտասարդական նախաձեռնությունները` ամենատարբեր խնդիրների դեմ պայքարի նպատակով: Ամենաթարմը հենց այսօր կառավարության շենքի առջև կայացած բողոքի ակցիան էր՝ ընդդեմ բուհերում ուսման վարձի թանկացման:

Ակցիայի մասնակիցները վճռական են նույնքան, որքան տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող երիտասարդները: Նրանք սպառնում են` ուսման վարձերի թանկացումը չկանխելու դեպքում հանրապետական դասադուլ հայտարարել:
Հենց այս իրադարձությունների համատեքստում երիտասարդության միջազգային օրը Հայաստանում այս տարի առանձահատուկ խորհուրդ է ստանում: Ընդդիմադիր քաղաքական ուժերի կամ նրանց գործողությունների բացակայության պատճառով նաև ակտիվ երիտասարդները, լայն իմաստով, դառնում են իշխանության թշնամիները: Իշխանությունը պայքարող երիտասարդների հետ չի կարողանում «հարցերը լուծել» այնպես, ինչպես ընդդիմության պարագայում, հենց դա էլ երիտասարդությանը դարձնում է առավել վտանգավոր:

Այս պայմաններում իշխանությունն, ամենայն հավանականությամբ, փորձելու է «կոտրել» երիտասարդներին՝ տարբեր բաժանարար գծեր քաշելով: Վստահաբար այս խնդիրն է հետապնդելու նաև այսօր մեկնարկող «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը: Հայտնի է, որ այդ հավաքաներին ավանդաբար մասնակցել ու մասնակցում են իշխանական կուսակցությունների ակտիվիստ երիտասարդները, տարբեր բուհերի ՀՀԿ-ական ուսխորհուրդների անդամները: Այս տարի իշխանությունը նրանց առջև շատ ավելի կոնկրետ խնդիր է դնելու՝ տապալել հնարավոր դասադուլը: Ի դեպ, «Բազե»-ի հավաքների ընթացքում դրա մասնակիցները բաժանվում են մի քանի ճակատների: Խաղի ձևով անցկացվող այդ տարանջատումն այս տարի ավելի «գործնական» նշանակություն կարող է ստանալ: Այսինքն՝ իշխանամետ երիտասարդներին կսովորեցնեն՝ ինչպե՞ս պայքարել իրական «հակառակ ճակատի» դեմ: Ի՞նչ հաջողություն կունենան այդ փորձերը, այս պահին դժվար է ասել: Բայց միանշանակ է, որ իշխանությունն առնվազն կփորձի կիրառել երիտասարդների դեմ պայքարի նաև այդ ձևը:

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է, ինչի առթիվ շոնրհավորում ենք բոլոր երիտասարդներին: Անկախ կուսակցական պատկանելությունից ու քաղաքական հայացքներից: Երիտասարդները, ինչպես իրենց ուղերձներում սիրում են կրկնել մեր պաշտոնյաները, մեր հարստությունն են, որը, դատելով արտագաղթի ահագնացող տեմպերից, օրեցօր պակասում է: Վերջերս հրապարակված հարցումներից մեկի արդյունքների համաձայն, հայաստանյան երիտասարդների ավելի քան 80 տոկոսը մտածում է արտերկիր մեկնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս