Բելֆաստում բախվել են կաթոլիկներն ու բողոքականները. տուժել է 26 ոստիկան
BBC-ի փոխանցմամբ` երեկ երեկոյան Բելֆաստում բախումներ են գրանցվել կաթոլիկների ու բողոքականների միջև, ինչի հետևանքով տուժել է 26 ոստիկան, որոնք փորձել են կանխել բռնությունը: Անկարգությունները սկսվել են Իռլանդիայի միավորման օգտին հանդես եկող կաթոլիկների շքերթի ժամանակ:
Բողոքական համայնքի անդամները, որոնք կողմնակից են Հյուսիսային Իռլանդիան Միացյալ թագավորության կազմում պահպանելուն, փորձել են քաղաքի գլխավոր փողոցում փակել նրանց ճանապարհը: Ամբոխին ցրելու համար ոստիկանությունը գործի է դրել ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և շներ:
Ոստիկանների վրա նետվել են շշեր ու աղյուսներ: Տուժել է 26 ոստիկան, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Իրավապահների տվյալներով` իրենց գործողություններից տուժել է միայն երկու քաղաքացի: Բացի այդ, անկարգությունների ժամանակ այրվել է մի քանի ավտոմեքենա և վնասվել են մի շարք խանութներ:
Հյուսիսային Իռլանդիայում կաթոլիկների ու բողոքականների հակամարտությունն արդեն իսկ մի քանի հարյուր տարեկան է: 1998 թվականին Բելֆաստի հռչակագրի ընդունումից հետո, որով կանոնակարգվում է Անգլիայի ու Հյուսիսային Իռլանդիայի միջև հարաբերությունները, առավել հազվադեպ են դարձել կաթոլիկների ու բողոքականների միջև բաց բախումները: