Բաժիններ՝

Աշխարհում գազավորված ըմպելիքներ ամենաշատը խմում են մեքսիկացիները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` յուրաքանչյուր մեքսիկացի միջին հաշվարկով տարեկան խմում է 163 լիտր գազավորված ըմպելիք, ինչը 45 լիտրով գերազանցում է ԱՄՆ բնակչի միջին ցուցանիշին: Ընդհանուր առմամբ, Մեքսիկան գազավորված ըմպելիքի սպառմամբ աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը:

Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Պանամերիկյան կազմակերպության համատեղ զեկույցում: Բժիշկների տվյալներով` մեքսիկացիների կողմից քաղցրեղենի և գազավորված ըմպելիքների հանդեպ ունեցած հակումը հանդիսանում է նրանց մոտ ավելորդ քաշի և շաքարախտի հիմնական պատճառներից մեկը, ինչից տառապում են երկրի բազմաթիվ բնակիչներ:

Դրա հետ կապված` բժիշկներն անգամ առաջարկել են գազավորված ըմպելիքների վրա սահմանել 20 տոկոսանոց մաքսատուրք, որպեսզի այն պակաս մատչելի դառնա բնակչության համար: Փորձագետների հաշվարկներով` դա կարող է մոտ 26 տոկոսով նվազեցնել գազավորված ըմպելիքների սպառումը, իսկ հավաքված հավելյալ 24 միլիարդ պեսոն (1.9 միլիարդ դոլար) կարելի է ներդնել ավելորդ քաշի դեմ պայքարում:

Միևնույն ժամանակ մեքսիկացիները դեռ չեն հրաժարվում իրենց սովորույթից. գազավորված ըմպելիքները շարունակում են խանութներում մնալ որպես ամենամեծ պահանջարկն ունեցող ապրանքներից մեկը: Նրանք առավոտից մինչև երեկո խմում են գազավորված ըմպելիք: Հաշվի առնելով, որ մեքսիկական ազգային խոհանոցը լի է ոչ թանկ և մեծ կալորիականությամբ ուտեստներով` դրան քաղցր գազավորված ըմպելիքների հավելումն էլ ավելի մեծ վնաս է պատճառում մեքսիկացիների առողջությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս