Նախագահական ընտրություններում ներկայիս իշխանություններին հաղթելն այնքան էլ բարդ գործ չէ. Ռուստամ Իբրահիմբեկով
Georgian Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանական ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածու հռչակված Ռուստամ Իբրահիմբեկովը չի բացառել, որ Ադրբեջան վերադառնալու դեպքում իրեն ձերբակալելու են.
«Չեմ բացառում նման հավանականությունը: Քանի որ ես ադրբեջանական միավորված ընդդիմության միասնական թեկնածուն եմ, մենք պետք է հասնենք նրան, որ ինձ գրանցեն: Հենց դրա համար ես պետք է հաղթահարեմ իրավաբանական բոլոր խոչընդոտները, որ իշխանությունները հիմքեր չունենա՝ թույլ չտալու համար իմ մասնակցությունն ընտրություններին:
Ժողովուրդը ցանկանում է, որ ես վերադառնամ: Երկրի հասարակական-քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ընտրություններում ներկայիս իշխանություններին հաղթելն այնքան էլ բարդ գործ չէ: Ժողովուրդն այնքան դժգոհ է իր կյանքից, իր գոյատևելուց …:
20 տարի Ադրբեջանում կեղծվում են գործնականում բոլոր ընտրությունները: Չկան ո՛չ դատարաններ, ո՛չ խորհրդարան, նրանք բոլորն էլ նշանակովի մարդիկ են, որոնք կատարում են 5-6 մարդու կամք, որոնք երկիրը խորասուզել են կեղտոտ կոռուպցիայի մեջ:
Երկրում ստեղծված ամեն ինչի, ներառյալ ընդերքից ստացվող հարստությունների 70-80 տոկոսը՝ գողացվում է, դրա համար էլ ժողովրդի դժգոհությունն այդքան ուժեղ է՝ գումարած, որ ոստիկանական ռեժիմը կեղծ մեղադրանքներով ազատազրկում, ծեծում, սպանում է մարդկանց:
Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ բարդ չէ ընտրություններում հաղթանակ տանելը: Այլ բան է, որ դրանք հերթական անգամ կեղծվելու են: Ես վստահ եմ նաև դրանում, ինչպես որ վստահ եմ ազնիվ ընտրություններում իմ հաղթանակում:
Մենք վրդովված ենք, որ Ադրբեջանի 20 տոկոսը զավթված է ագրեսորի կողմից, սակայն, չգիտես ինչու, հաշտվում ենք, որ տարածքի մնացյալ 80 տոկոսը զավթված է շատ ցածր ինտելեկտ ունեցող անձանց կողմից: Պետք է ակտիվորեն պայքարել դրա դեմ»: