ԱՄՆ հատուկ ծառայությունները որոշել են ձերբազատվել «սիսադմինների» մեծ մասից
![](https://168.am/wp-content/uploads/2013/08/pic_8b410ad357ec91522c2ad14b4298eea1.jpg)
Huffington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը երեկ հայտարարել է, որ պլանավորել է աշխատանքից հեռացնել համակարգի ադմինիստրատորներից 90 տոկոսին: Նրանց աշխատանքն իրականացնելու են համակարգիչները:
Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Քեյթ Ալեքսանդերը կիբերանվտանգությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ իրենք դրանով իսկ ցանկանում են կրճատել գաղտնի տեղեկատվությանը մուտք ունեցող մարդկանց քանակը:
Ալեքսանդերը չի նշել, որ դա կապված է Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հետ, սակայն ընդգծել է, որ հատուկ ծառայությունների աշխատանքը հիմնված է գաղտնի տեղեկատվությանը մուտք ունեցող մարդկանց վստահելու վրա: Նա հավելել է, որ այդ վստահությունը չարդարացրած մարդիկ կարող են վիթխարի վնաս պատճառել երկրին.
«Ներկայումս Ազգային անվտանգության գործակալությունում աշխատում է մոտ 1000 համակարգի ադիմինիստրատոր: Նրանց մեծ մասին կարելի է փոխարինել նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ: Դա համակարգչային ցանցերը կդարձնի առավել կայուն ու անվտանգ:
Որպես անվտանգության հավելյալ միջոց՝ Ազգային անվտանգության գործակալությունում ոչ վաղ անցյալում մտցվել է նոր կանոն, որը համակարգի ադմինիստրատորներին պարտադրում է գաղտնի տեղեկատվության մշակման ժամանակ աշխատել գործընկերների ներկայությամբ»:
Նշվում է, որ ներկայումս Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած Էդվարդ Սնոուդենը նախկինում աշխատել է որպես Ազգային անվտանգության գործակալության համակարգի ադմինիստրատոր, ինչպես նաև համագործակցել է ԿՀՎ-ի հետ: