Coca-Cola-ի գովազդային կամպանիան վնասում է ԱՄՆ բանակի շահերը. Պենտագոն
EsoReiter.ru-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավարությանն անհանգստացրել է The Coca-Cola Company ընկերության գովազդային կամպանիան, որը ստացել է «Անսպասելի ամառ» անվանումը: Նույնանուն ըմպելիքով լի մի շարք տարաների ներսում տեղադրվել է կարմիր կոճակով հատուկ պանել, ինչպես նաև բջջային հեռախոս և գլոբալ տեղորոշման չիպ:
Նա, ում բաժին է ընկնում տվյալ տարան, այն բացելուց հետո սեղմում է կարմիր կոճակը, ինչից հետո բջջայինի ազդանշանը հասնում է ընկերության նվերների հատուկ կենտրոն, իսկ գլոբալ տեղորոշման համակարգը հնարավորություն է տալիս ճշգրիտ պարզել զանգահարողի գտնվելու վայրը՝ դրանով իսկ բացառելով այն, որ նվերը կարող է ընկնել մեկ ուրիշի ձեռքը:
Սակայն ամերիկացի զինվորականները կասկածներ ունեն, որ այդ խորամանկ սարքի օգնությամբ թշնամին կարող է գաղտնալսել և իմանալ զինվորական գաղտնիքներ: Հատուկ հրամանով արգելվել է ռազմաբազաներում և Պենտագոնի այլ օբյեկտներում Coca-Cola-ով լի նման տարաների հայտնվելը:
The Coca-Cola Company-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորականների այդ մտավախությունները հիմնավոր չեն, քանի որ շահովի տարաներում կիրառված տեխնոլոգիաները բացառում են գաղտնալսելու հնարավորությունը: Նա հավելել է, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել իրենց գովազդային կամպանիայից: