Բաժիններ՝

Չզիջել զոռբաներին. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Գրեթե բոլոր, հատկապես «պիկ» ժամերին ավտոմեքենաները Կոմիտաս փողոցի երրորդ շարքում հերթ են կանգնում՝ դեպի ձախ՝ Վաղարշյան փողոց և Դավիթաշենի կամուրջ շրջվելու համար։

Մեծ մասը խելոք հերթ են կանգնում, բայց անպայման գտնվում են «աչքաբաց ճարպիկներ», որոնք քշում են երկրորդ՝ ազատ շարքով, իսկ հետո ինչ–որ մի պահի փորձում են հերթից դուրս լկտիաբար խցկվել ձախ՝ անհրաժեշտ շարքի մեջ։ Իրենց՝ երկրորդ շարքից նրանք չեն կարող միանգամից ձախ մտնել՝ այդ կոպիտ խախտումը կարձանագրի «Շիրվանզադեի խաչմերուկում» տեղադրված տեսախցիկը։ Բայց դրանից առաջ՝ 100-200 մետր տարածքում են իրենց «շուստրիությունը» ցուցաբերում զոռբաները՝ որքան մեծ է մեքենան, այնքան նրանք իրենց ավելի շատ են խցկվելու իրավունք վերապահում։ Լուծումը մեկն է՝ ճանապարհ չտալ, չզիջել «աչքաբաց» տղերքին և աղջիկներին:

Օրինական և արդյունավետ պայքարի մի ձև է: Չզիջելով՝ ես օրենք չեմ խախտում և, մյուս կողմից, հասկացնում եմ «ճարպիկներին», որ իրենց ճարպկությունը չի անցնի՝ թող բոլորի նման հերթ կանգնեն։

Կարելի է, իհարկե, պառկել «Շիրվանզադեի խաչմերուկում» և վանկարկել, որ բոլորը նորմալ քշեն, կամ վրան խփել «Փոսի գաի»–ի մոտ և պահանջել որևէ ճանապարհային ոստիկանի հրաժարականը: Բայց դա արդյունքի չի բերի, եթե, իհարկե, «արդյունքը» քաղմասում հայտնվելը չէ։

Քաղաքապետարանի «շուստրիները», որոնք նաև գծատերեր են, որոշել են հավելյալ եկամուտներ ստանալ և ուղեվարձը դարձնել 150 դրամ։ Ես չեմ վճարում այս գումարը և դրանով օրենք չեմ խախտում։ Ճիշտն ասած, կարծում եմ, որ կարող եմ 100 էլ չվճարել, որովհետև չկա որևէ փաստաթուղթ (ասենք՝ ՀԴՄ կտրոն), որը կհաստատի, որ ես այս ծառայությունը գնել եմ 100, 50 կամ գոնե 1 դրամով:

Հերիք չի՝ աշխատում են ամբողջությամբ «սև» դաշտում, դեռ մի բան էլ ուզում են հարստանալ։ Նույնքան էֆեկտիվ միջոց է հասարակական տրանսպորտ չնստելը և մասնավոր մեքենաներով ուղևորներին տեղափոխելը՝ այդպիսով զրկելով ագահ պաշտոնյաներին (գծատերերին) եկամուտներից։ Դարձյալ իմ իրավունքն է՝ օգտվել կամ չօգտվել տվյալ փոխադրամիջոցից։

Պայքարը (ոչ միայն տվյալ ոլորտում), ինձ թվում է, պետք է շարունակվի հենց այդ ուղղությամբ: Ինչպե՞ս՝ երիտասարդների երևակայությունը, իհարկե, շատ ավելի հարուստ է, քան իմը: Սրա-նրա հրաժարականը պահանջելը, հանրահավաքները, վանկարկումները, հավանաբար, պայքարի փոքր-ինչ հնացած, արխայիկ ձևեր են: Ավելի ճիշտ, դրանք կարող են լինել օժանդակ մի միջոց՝ հիմնական ակցիաների համար, որոնք խփում են ուղիղ նշանակետին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս