1980-ական թվականներին պլանավորված է եղել Գերմանիայից վտարել թուրք ներգաղթյալների կեսին. Der Spiegel

Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ ԳՖՀ-ի նախկին կանցլեր Հելմուտ Կոհլը 1982 թվականին իշխանության գալուց հետո պատրաստվել է Արևմտյան Գերմանիայից վտարել թուրք ներգաղթյալների կեսին:

Այս մասին նշված է Կոհլի և տվյալ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի բանակցությունների գաղտնի արձանագրությունում, որը կնքվել է 1982 թվականի հոկտեմբերին, Բոննում:

Գաղտնազերծված բրիտանական արխիվային փաստաթուղթը հայտնվել է գերմանական պարբերականի տրամադրության տակ, որն էլ բարձրաձայնել է դրա բովանդակության մասին: Արձանագրության համաձայն, կանցլերն անհրաժեշտ է համարել 4 տարվա ընթացքում ԳՖՀ-ում թուրքերի քանակի կրկնակի կրճատումը, սակայն չի ցանկացել տվյալ խնդրի մասին արտահայտվել հրապարակավ:

Նրա կարծիքով, իշխանություններն ի վիճակի չեն ձուլել տվյալ ժամանակ երկրում բնակվող նման քանակությամբ թուրք ներգաղթյալների: Նրանք, ովքեր մնալու են երկրում, պետք է անպայմանորեն սովորեն գերմաներեն: Կոհլը վստահեցրել է, որ թուրքերը դժվար են ինտեգրվում եվրոպական մշակույթին, ինչը չի կարելի ասել մյուս ազգերի ներգաղթյալների մասին:

Կոհլը փաստարկել է, որ թուրքերի մոտ գոյություն ունի հարկադիր ամուսնությունների պրակտիկա, ինչպես նաև նրանք ավելի շատ են անլեգալ աշխատում մյուս ազգությունների համեմատ: Կանցլերը պլանավորել էր թուրք աշխատավորներին վճարել փոխհատուցումներ:

Այդ ծրագիրը սկսեց կյանքի կոչվել 1983 թվականին, երբ Արևմտյան Գերմանիայի իշխանությունները խոստացան թուրք ներգաղթյալներին վերադարձնել կենսաթոշակային խնայողություններն ու հավելյալ 10.5000 գերմանական մարդկ, եթե նրանք որոշեն վերադառնալ հայրենիք:

Արդյունքում այդ առաջարկից օգտվեց միայն 10.000 թուրք՝ ներգաղթյալների շատ փոքր մասը: 1982 թվականին ԳՖՀ-ում բնակվում էր մոտ 1.5 միլիոն թուրք ներգաղթյալ (2011 թվականին՝ 2.95 միլիոն թուրք):

Նրանցից շատերը Գերմանիա են եկել 1961 թվականին այդ երկրի ու Թուրքիայի միջև կնքված աշխատանքային ներգաղթյալների մասին համաձայնագրով: 1970-ական թվականներին հավելում կատարվեց այդ համաձայնագրում, ըստ որի՝ ներգաղթյալներին թույլատրեցին իրենց հետ բերել կանանց ու երեխաներին:

Տեսանյութեր

Լրահոս