Հայ-թուրքական սահմանին հովվին սպանել են նրա կողմից ռուս սահմանապահների վրա կրակելուց հետո
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանին սահմանակից Կարսի նահանգի բնակիչ, հովիվ Մուսթաֆա Ուլքերը հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանը հատելիս վիրավորվել է, իսկ հաջորդ օրը մահացել է:
Թուրքական կողմի վարկածով՝ Ուլքերը սահմանը հատել է պատահմամբ՝ «կորցրած անասունին փնտրելու» նպատակով: Հովվի սպանվելու կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում նույնպես նշել է, թե Ուլքերը «պատահմամբ» է հատել սահմանը:
Սակայն պարզվել է, որ լիովին բացատրելի է սահմանախախտի նկատմամբ կրակ բացելը: Հայ-թուրքական ցամաքային սահմանի տվյալ հատվածում հաճախ են թուրք հովիվների կողմից սահմանի հատումները կամ հատման փորձերը: Սահմանապահները սովորաբար նրանց հետ են ուղարկում առանց կրակելու:
Մի շարք դեպքերում էլ սահմանի խմբային խախտումն ավարտվել է ձերբակալմամբ և հետագայում նրանց դեպի Թուրքիա վտարմամբ: Այս անգամ սակայն այլ կերպ է ստացվել: Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամլո ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը հայտարարել է, որ Մուսթաֆա Ուլքերը պարզապես չի խախտել Հայաստանի սահմանը:
Գրեչինի խոսքերով՝ Ուլքերը կրակել է ռուս սահմանապահների վրա, իսկ հետո փորձել է խորանալ Հայաստանի տարածքում: Դրանից հետո ռուս սահմանապահները բացել են պատասխան կրակ՝ վիրավորելով սահմանախախտին: Տարվում է հետաքննություն: