Բեռլուսկոնիի դատավճիռը մնացել է անփոփոխ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իտալական արդարադատության գերագույն մարմինը երեկ հաստատել է Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ մեղադրական դատավճիռը, որի համաձայն՝ նա դատապարտվում է 4 տարի ազատազրկման՝ կապված Mediaset մեդիա խմբի ֆինանսական մեքենայությունների հնչեղ գործի հետ:
Իտալիայի նախկին վարչապետի փաստաբանները մտադիր են բոլոր հնարավոր եղանակներով հասնել տվյալ որոշման փոփոխմանը, այդ թվում նաև դիմել եվրոպական համապատասխան ատյաններ: Դատավճռի հրապարակումից անմիջապես անց Բեռլուսկոնին ու «Ազատության ժողովուրդ» կուսակցության գծով նրա մերձակա կողմնակիցները նիստ են գումարել:
Թեև Վճռաբեկ դատարանի վճիռը վերջնական է, Բեռլուսկոնիի նկատմամբ դատավճիռը դեռ ենթակա չէ կատարման, քանի դեռ Միլանի Վերաքննիչ դատարանը վերստին չի դիտարկել պետական պաշտոն զբաղեցնելու հարցում Բեռլուսկոնիի վրա դրված արգելքի գործը: