Բաժիններ՝

Արարատի մարզպետ. «Ի՞նչ եմ արել, որ անհարմար զգամ». մամուլ

«Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետի` դիզվառելիքի գործով ձերբակալվելու պատմությունը կարող է ծանր նստել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի վրա, որի ղեկավարած մարզում 48 հազար տոննա դիզվառելիք է բաժին հասել Ջոնիկ Աբրահամյանին` Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբորը:

Կամ, այլ կերպ ասած, Աբրահամյանների՝ սոցիալապես ապահովված ընտանիքին: Այս աղմկահարույց գործից հետո Բարսեղյանը, ըստ որոշ լուրերի, չի ցանկանում մարզպետ աշխատել: Երեկ նաև լուրեր տարածվեցին, թե չի բացառվում, որ Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվի Արարատի մարզպետ, ծնունդով սյունեցի Էդիկ Բարսեղյանը: Վերջինս երեկ բավական լարված վիճակում էր և մեծ դժվարությամբ պատասխանեց մեր մի քանի հարցերին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու ներկայացնում հարցազրույցը.

– Պարոն Բարսեղյան, փաստորեն, դեռ չեք պատրաստվում թոշակի գնալ և դեռ ցանկություն ունեք պատգամավոր աշխատել:

– Ես էդ մասին ոչ մտածել եմ, ոչ մտածում եմ, ոչ խոսակցություն եղել է այդ մասին, նաև իմ ընտանիքում նման քննարկում չի եղել: Իրականությանը դա չի կարող համապատասխանել, քանի որ նման ցանկություններ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ընդհանրապես չունի, չի էլ կարող ունենալ:

– Պարոն Բարսեղյան, բայց ասում են, որ դիզվառելիքի սկանդալից հետո այլևս ցանկություն չունեք մարզպետի պաշտոնում աշխատել…

– Վայ… որտեղի՞ց Ձեզ էդ ինֆորմացիան… Ուրեմն ասեմ Ձեզ. ես պաշտոնից կհրաժարվեմ այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը, կառավարությունը դժգոհ կլինեն իմ աշխատանքից և կասեն. «Պարոն Բարսեղյան, լավ չեք աշխատում, ազատեք Ձեր պաշտոնը»:

– Պարոն Բարսեղյան, այդ սկանդալից հետո անհարմար չե՞ք զգում աշխատել Ձեր պաշտոնում, դե, հայտնի հարուստ ընտանիքին, նաև Ձեր գիտությամբ, դիզվառելիք է տրամադրվել:

– Բայց ի՞նչ եմ արել, որ անհարմար զգամ: Եվ հետո` հայտնի ընտանիքը ոչ մի կապ չունի և չի էլ կարող կապ ունենալ, ով արել ա, էդ մարդն էլ իրա պատիժը կրում ա, ինչ պետք ա անի: Աբրահամյաններին տրամադրվել է ավելի քիչ, քան իրենց հասնում է: Կառավարության որոշումը նայեք՝ կտեսնեք, որ այնտեղ սահմանափակումներ չկան: Վերջ, մնացած հարցերն ինձ կուղղեք գրավոր:

«Հրապարակ» օրաթերթ, Լուսինե Շահվերդյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս