Բաժիններ՝

Կոչ են անում դադարեցնել «Միսս և Միստր Բեյբի Արցախ» ծրագիրը

«Արցախյան Միասնություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը բաց նամակ է հղել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին, որում պահանջվում է դադարեցնել Արցախում անցկացվող «Միսս եւ Միստր Բեյբի Արցախ» ծրագիրը։

«Հարգելի տիկին Աղաբալյան,

Ցավով պետք է նշենք, որ այսօր Արցախում այնպիսի անորակ մի ծրագիր է իրականացվում, որը կոչվում է «Միսս եւ Միստր Բեյբի Արցախ»: Դիտելով ծրագրի վերաբերյալ թողարկումը, հետեւելով սոցիալական ցանցերում առկա քննարկումներին՝ պետք է ասել, որ այս եւ նմանատիպ ծրագրերը մանկահասակներին հոգեբանական խիստ բացասական ազդեցության են ենթարկում, ինչպես նաեւ կարող են մշակութային զոհ դարձնել մեր ապագա սերնդին՝ շոուբիզնես տանող ճանապարհին նրանց դարձնելով ապազգային եւ անորակ մշակույթի կրողներ:

Ինչ վերաբերում է կազմակերպչական պատշաճ մակարդակի ապահովմանը, ապա հարկ է նշել, որ՝

1. Ծրագիրը, որն ակնկալում է անկողմնակալ ժյուրի, ամենակոպիտ եւ կողմնակալ ձեւերով խախտված է` խախտելով դրանով նաեւ մասնակիցների իրավունքները:

2. Ծրագրի մասնակից երեխաները եւ նրանց ծնողները կազմակերպության կողմից հետագա կազմակերպչական եւ պարգեւատրման ֆոնդի մասին պատկերացում ունեն կազմակերպիչ «Աիշա Փրոդաքշն» ընկերության ներկայացուցչի բանավոր խոստումներից, այդ առնչությամբ բացակայում է որեւէ իրավական եւ հաստատված ծրագիր:

3. Ծրագիրը նաեւ նախատեսում է SMS քվեարկությունը, որը վերը նշված հանգամանքների առկայությամբ կարելի է համարել գումար կորզելու փորձ:

Մենք քաջ գիտակցում ենք, որ մասնավորի կողմից իրականացվող ծրագրերը դուրս են մշակույթի եւ երիտասարդության նախարարության իրավական գործնական դաշտից, բայց եւ սա որեւէ կերպ չպետք է խաթարի նախարարությանը վերապահված առաքելությունը, ուստի խնդրում եւ պահանջում ենք՝ հաշվի առնելով եւ՛ վերը նշված հանգամանքները, եւ՛ հասարակության շրջանում ձեւավորված բացասական կարծիքն ու վերաբերմունքը` ընդհուպ մինչեւ որոշ մասնակից երեխաների եւ նրանց ծնողների կողմից ծրագրի մերժման դեպքերը՝ համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական դաշտի հետ ակտիվ աշխատելով`չթույլատրելու ծրագրի 3-րդ փուլի անցկացումը, ինչպես նաեւ հետագայում նմանատիպ ծրագրերի ներմուծումը Արցախ:

Մեր կազմակերպությունը, հանդիսանալով կրթամշակութային, երիտասարդական ՀԿ, կոչ է անում բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, հասարակության ակտիվ անդամներին միանալ այս նախաձեռնությանը եւ չթույլատրել այս ծրագրի իրականացումը Արցախում եւ կոչ անել մասնակիցներին հրաժարվել ծրագրից»:

 karabakh-open.info 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս