Փաստաբան. Ամեն ինչ արվում է, որ բժիշկը չենթարկվի քրեական պատասխանատվության
Մասիսի բժշկական կենտրոնում 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է թվով երրորդ դատաբժշկական փորձաքննությունը, այս անգամ նշանակվել է արդեն դատաբժշկական հանձնաժողովային լրացուցիչ փորձաքննություն: Ինչպես «Փաստինֆոյի» թղթակցին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, տուժող կողմը միջնորդել է, որպեսզի մասնակցի փորձաքննությանը:
Քննիչը գտել է, որ վերջերս կատարված Դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննությունը լրիվ չէ: Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետները, մասնավորապես, պետք է պատասխանեն, թե մինչ հիվանդի հետազոտումը և բուժումը կազմակերպելը ինչպիսի՞ տվյալներ պետք է ձեռք բերվեն բուժող բժշկի կողմից, հիվանդին որևէ դեղորայք ներարկելուց առաջ ո՞ր դեպքում պետք է կատարվի դեղորայքային նմուշային պրոբա, այդ գործընթացն ի՞նչ նորմատիվ ակտերով է կարգավորվում, պապավերին և բարալգետաս դեղամիջոցների ներարկումից առաջ դրանց պրոբայի կատարումն անհրաժե՞շտ էր, թե ոչ, բժշկի կողմից ճի՞շտ է արդյոք կազմակերպվել և կատարվել Ց.Մկրտչյանի հետազոտությունն ու ախտորոշումը, ո՞ր պահին պետք է կատարվեր ադրենալինի ներարկումը, որպեսզի հնարավորություն լիներ փրկել Ց.Մկրտչյանի կյանքը:
Նախորդ՝ Դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացության հետևություններում նշվել է, որ Ցոլակ Մկրտչյանին ցուցված է եղել բարալգետասի նշանակումը, կատարվել է ախտանիշային բուժում, սակայն հիվանդի մոտ զարգացել է բարդություն՝ անաֆիլակտիկ ռեակցիա, որն անդառնալի հետևանք է ունեցել՝ Ցոլակ Մկրտչյանը մահացել է: Փորձագետները, վկայակոչելով հիվանդության պատմագրում անեսթեզիոլոգի գրառումները, նշել են, որ ադրենալինի ներարկումը կատարվել է ճիշտ, որը սակայն եղել է անաֆիլակտիկ շոկի զարգացումից 15 րոպե հետո: Ըստ հիվանդության պատմագրի տվյալների, միջոցառումներն եղել են լրիվ ծավալով, սակայն անաֆիլակտիկ ռեակցիայի ծանրագույն անդառնալի հետևանքները ու բարդությունները հնարավոր չի եղել հաղթահարել: Հանձնաժողովը հարկ է համարել նշել, որ նման ծայրահեղ վիճակների զարգացման պարագայում, շտապ բուժօգնությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի բուժման գործընթացին անեսթեզիոլոգի մասնակցելը կատարվի շտապ և անհապաղ կարգով:
Տուժող կողմը համաձայն չէ այդ փորձագիտական եզրակացության հետ և մասնավորապես, գտնում է, որ բարալգետասը նրան հակացուցված է եղել. Ց.Մկրտչյանի մոտ եղել է ցածր արյան ճնշումը՝ 90/60, որը բարալգետասի ներարկումից հետո կազմել է 80/40: Ց.Մկրտչյանն ի սկզբանե նշել է, որ տառապում է դեղորայքային ալերգիայից, սակայն որևէ պրոբա չի կատարվել: Միաժամանակ կողմի կարծիքով, եզրակացությամբ ապացուցվում է բժշկի մեղքը՝ ադրենալինը հիվանդին անմիջապես չի ներարկվել, այսինքն՝ ռեանիմացիոն միջոցառումը անհապաղ չի եղել:
Տուժող կողմը գտնում է, որ միտումնավոր ձգձգվում է գործի քննությունը, նշանակվում են փորձաքննություններ, ամեն ինչ արվում է, որ բժիշկը չենթարկվի քրեական պատասխանատվության: Ի.Պետրոսյանն ընդգծեց, որ բավարար հիմքեր կան գործի շրջանակներում մեղադրանք առաջադրելու համար, քանի որ ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության, մահը վրա է հասել անաֆիլակտիկ շոկից, ըստ երկրորդ եզրակացության՝ ադրենալինի ներարկումը եղել է ուշ:
Տուժողը ապրիլի 2-ին որովայնի շրջանում ցավերի պատճառով դիմել էր Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 3-ի լուսադեմին մահացել է՝ անաֆիլակտիկ շոկից: Մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ Բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: