PKK-ի առաջին խումբը Հյուսիսային Իրաքի լեռներից Թուրքիա կարող է իջնել հոկտեմբերի 15-ից
Turk Time-ի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) ներկայացուցիչների հետ իր վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Քրդական հարցի» կարգավորման գործընթացն ընթանում է դանդաղ տեմպերով.
«Հիվանդը գտնվում է վիրահատական սեղանին, նրա որովայնը բացել են: Անհրաժեշտ է անմիջապես միջամտություն ցուցաբերել: Եթե այն երկար ժամանակ մնա այդպես, ապա կարող է վարակ անցնել նրա մեջ»:
Այս ասելով՝ Օջալանը նկատի է ունեցել այն, որ եթե «Քրդական հարցի» կարգավորման գործընթացը երկար ժամանակ չունենա առաջընթաց, ապա կմեծանա արտաքին ուժերի կողմից խափանարար քայլեր ձեռնարկելու ռիսկը, ինչը մտահոգիչ է:
Հենց այդ պատճառով էլ Թուրքիայի կառավարությունը պետք է հնարավորինս շուտ պատրաստի բարեփոխումների փաթեթը և ներկայացնի խորհրդարանի հաստատմանը, ինչից հետո անցում կկատարվի գործընթացի երրորդ փուլին:
Նշվում է, որ Օջալանը ԽԺԿ-ականներին և նրանց միջոցով Ղանդիլին (Հյուսիսային Իրաք) հայտնել է, որ եթե Թուրքիայի կառավարությունը քայլեր չձեռնարկի մինչև հոկտեմբերի 15-ը, ապա PKK-ի առաջին խումբը պետք է սկսի իջնել լեռներից: PKK-ն Թուրքիայի տարածքը լքելու գործընթացը սկսել է այս տարվա մայիսի 8-ին: