Ավելի քան երկու տասնյակ չինացի զինծառայող ցուցադրաբար մեկ ժամ գտնվել է Հնդկաստանի տարածքում
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի բանակի մի խումբ զինծառայողներ խախտել են իրական վերահսկողության գիծը, որը ծառայում է որպես Հնդկաստանի սահման և ներխուժել են վերջինիս Ուտարակհանդ հյուսիսային նահանգ:
21 չինացի զինծառայող ավելի քան մեկ ժամ գտնվել է Հնդկաստանի տարածքում: Չինական ստորաբաժանման ակցիան կրել է ցուցադրական բնույթ: Զինծառայողները դիրքեր են գրավել այն շրջանում, որը մինչև հնդկական իրավասության հաստատվելը գտնվել է Չինաստանի վերահսկողության ներքո:
Պեկինը ցայժմ տվյալ շրջանը համարում է վիճելի տարածք և տարածքային հավակնություններ է ներկայացնում դրա նկատմամբ: Ուշագրավ է, որ այդ ներխուժումը համընկել է չին-հնդկական երկօրյա բանակցությունների ավարտի հետ, որոնք միտված են եղել տվյալ գոտում կայունության ապահովմանը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե այս տարվա հուլիսին Չինաստանը երեք անգամ խախտել է Հնդկաստանի պետական սահմանը: