ԵՄ-ի Խորհրդի որոշումը չի ազդի «Հզբոլլահի» տարածաշրջանային դերակատարության վրա. Իրանի ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ԵՄ-ի Խորհրդի կողմից լիբանանյան «Հզբոլլահ» շարժման ռազմական թևն ահաբեկչական կազմակերպությունների թվում ներառելը:

Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ այդ քայլը չի ազդի այն ռազմավարական դերակատարության վրա, որը տարածաշրջանում ունի խմբավորումը.

«Ընդունելով այդպիսի որոշում՝ ԵՄ-ը հաստատել է իր սխալ ըմբռնումը՝ կապված մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ»:

Իրանցի դիվանագետը վճռական աջակցություն է հայտնել Լիբանանում և տարածաշրջանում «Հզբոլլահի» իրականացրած դիմակայության քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրանը «տարօրինակ» էր որակել «Հզբոլլահի» ռազմական թևն ահաբեկչական կազմակերպությունների թվում ներառելու վերաբերյալ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների ընդունած որոշումը:

Տեսանյութեր

Լրահոս