«Կարգին» Մկոն՝ տրանսպորտի թանկացման մասին
Հայ ճանաչված դերասան Մկրտիչ Արզումանյանը («Կարգին» Մկո) պատասխանել է NEWS.am STYLE-ի հարցերին:
-Մկո, ի՞նչ եք մտածում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին:
-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում: Իհարկե, ես դեմ եմ, քանի որ առանց այդ էլ մեր ժողովրդի յուրաքանչյուր լուման հաշված է, հիմա էլ՝ այս: Այդ 50 դրամը զգալի ազդեցություն կունենա հայերի գրպանի վրա: Կարծում եմ՝ պետությունը պետք է այնպես աներ, որ թանկացումները չազդեին քաղաքացիների վրա:
-Բայց չէ՞ որ սա քաղաքի միակ խնդիրը չէ: Երևանում ավելացել են խցանումները: Կարծում եք՝ ի՞նչն է պատճառը:
-Առաջին պատճառը, իհարկե, ավտոմեքենաների մեծ քանակությունն է: Դրանց թիվն օրեցօր ավելանում է, և այդ հարցում ոչինչ անել հնարավոր չէ: Պատճառներից մեկն էլ այն է, որ վարորդների թվում շատ են սկսնակները, ինչը բարդացնում է ճանապարհային երթևեկությունը:
Ցանկանում եմ նշել, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նույնպես մեղքի իրենց բաժինն ունեն, քանի որ հաճախ կանգնում են մոտակայքում և ոչինչ չեն անում: Նրանց խնդիրը ճանապարհային երթևեկությունը կարգավորելն է: Պետք է հիշեն այդ մասին:
-Հաճախ խցանումներ են առաջանում նաև վթարների պատճառով: Ինչպե՞ս եք գնահատում ապահովագրական ընկերությունների աշխատանքը:
-Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ: Ճանապարհին խնդիրներ են առաջանում նաև վթարների կամ ապահովագրական ընկերությունների չկարգավորված աշխատանքի արդյունքում: Ամբողջ աշխարհում ապահովագրությունը պարտադիր է, բայց Հայաստանում այդ ոլորտը դեռևս կարգավորված չէ: Մարդիկ վթարի վայրում կանգնում և ժամերով սպասում են…
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: