Սերբիայի նախկին նախագահ Վուչիչը սպառնում է հացադուլ հայտարարել․ «Դա ժամանակի հարց է»

Սերբիայի նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հացադուլ հայտարարելը ժամանակի հարց է, և եթե դիմի այդ քայլին, գրավոր կարգելադրի բժիշկներին իրեն բժշկական օգնություն չցուցաբերել։

Նա այս հայտարարությունն արել է նոյեմբերի 25-ին՝ Informer TV-ի եթերում՝ հեռուստաալիքի սեփականատեր և գլխավոր խմբագիր Դրագան Յ. Վուչիչևիչի ձերբակալությունից հետո։

Ինչո՞ւ է ձերբակալվել հեռուստաալիքի սեփականատերը

Նոյեմբերի 25-ին Սերբիայի իրավապահները ձերբակալել են Դրագան Վուչիչևիչին։ Նրան կասկածում են խուճապ և անկարգություններ հրահրելու, ինչպես նաև արդարադատությանը խոչընդոտելու մեջ։

Գերմանական DW-ի հաղորդմամբ՝ քննությունը վերաբերում է 2023–2026 թվականներին Informer-ի եթերում հրապարակված նյութերին, որոնցով, ըստ մեղադրանքի, թիրախավորվել են իշխանության քաղաքական հակառակորդները, ակտիվիստներն ու անկախ լրագրողները։ Մասնավորապես՝ հեռուստաալիքի եթերում ցուցարարների նկատմամբ բռնության կոչեր են հնչել, իսկ ուսանողական շարժման ներկայացուցիչներին վերագրվել են քաղաքացիական բախումներ նախապատրաստելու մտադրություններ։

Վուչիչը ձերբակալությունը քաղաքական հետապնդում է համարել։

Նա հայտարարել է, որ իշխանությունները փորձում են լռեցնել իր կողմնակիցներին և իրեն նույնպես կարող են ձերբակալել։ Վուչիչը նաև պնդել է, որ իր քաղաքական հակառակորդները կարող են փորձել իրեն հեռացնել քաղաքական կյանքից, ձերբակալել կամ նույնիսկ սպանել։

Նախկին նախագահը նաև մեղադրել է Խորվաթիային Սերբիայի ներքին գործերին միջամտելու և երկրում, իր բնորոշմամբ, «գունավոր հեղափոխություն» կազմակերպելու մեջ։ Խորվաթիայի իշխանությունները այդ մեղադրանքներին դեռ չէին արձագանքել։ 

Ի՞նչ է կատարվում Սերբիայի քաղաքական կյանքում

Այս իրադարձությունները տեղի են ունենում իշխանափոխությունից հետո։ Հոկտեմբերի 25-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ուսանողական շարժման աջակցությունը վայելող «Ուսանողական ցուցակը» ստացել է 250 տեղանոց խորհրդարանում 140 մանդատ՝ հաղթելով Վուչիչի «Սերբական առաջադիմական կուսակցությանը», որը 14 տարի գերիշխել է երկրի քաղաքական կյանքում։

Նոր կառավարությունը դեռ ձևավորված չէ, իսկ նախկին իշխանության հետ կապված պաշտոնյաների և կառույցների նկատմամբ իրավապահների գործողությունները շարունակվում են։

Վուչիչը սեպտեմբերին հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից՝ իր կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին առաջնորդելու համար։ Այժմ նա ղեկավարում է ընդդիմադիր «Սերբիան հաղթում է» խորհրդարանական խմբակցությունը։

Türkiye Today-ի նոյեմբերի 28-ի հաղորդմամբ՝ Վուչիչևիչի նկատմամբ դատարանը կիրառել է մինչև 30 օր նախնական կալանք։ Նա հերքում է մեղադրանքները։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30