Հայաստանի՝ Ռուսաստանից հեռանալու գործընթացը՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում․ ի՞նչ են գրում արտասահմանյան լրատվամիջոցները
Հայաստանի՝ ռուս սահմանապահներին սեփական ուժերով փոխարինելու մտադրությունը, Եվրամիությանն անդամակցելու ձգտումները և ռուսական ռազմաբազայի ապագան հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Միջազգային մամուլը հիմնականում առանձնացնում է երեք ուղղություն՝ Հայաստանի սահմանների վերահսկողության ստանձնումը, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության շուրջ Ռուսաստանի ճնշումը և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը։
Hürriyet Daily News․ Հայաստանը պատրաստվում է ամբողջությամբ ստանձնել սահմանների պահպանությունը
Թուրքական Hürriyet Daily News-ը կենտրոնացել է Փաշինյանի հայտարարության բուն բովանդակության վրա։ Պարբերականը գրում է, որ Հայաստանը առաջիկա տարիներին աստիճանաբար փոխարինելու է ռուս սահմանապահներին սեփական ուժերով և ամբողջությամբ ստանձնելու է պետական սահմանների պահպանության պատասխանատվությունը։
Հոդվածում ներկայացվում է նաև գործընթացի նախապատմությունը․ ռուս սահմանապահները 1992 թվականի համաձայնագրի հիման վրա մասնակցում են Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պահպանությանը։ Միաժամանակ նշվում է, որ վերջին տարիներին մի շարք կարևոր հատվածներում վերահսկողությունն արդեն անցել է հայկական կողմին։
Kyiv Independent․ ավարտվում է Ռուսաստանի տասնամյակների դերը Հայաստանի սահմանների պահպանության գործում
Ուկրաինական Kyiv Independent-ը Փաշինյանի հայտարարությունն ավելի լայն քաղաքական համատեքստում է ներկայացնում՝ որպես Հայաստանի սահմանների պահպանության գործում Ռուսաստանի տասնամյակներ տևած դերի ավարտի գործընթաց։
Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած ռազմական գործողություններից հետո։ Հոդվածում ընդգծվում է, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին և սկսել է խորացնել հարաբերությունները արևմտյան գործընկերների հետ։
Kyiv Post․ սահմանապահների փոխարինումը՝ Հայաստանի եվրոպական շրջադարձի համատեքստում
Ուկրաինական Kyiv Post-ը սահմանապահների դուրսբերման մասին հայտարարությունը կապում է Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացման հետ։
Պարբերականն առանձնացնում է նաև այն հանգամանքը, որ Փաշինյանի հայտարարությունը հնչել է Հայաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից երկու օր անց։ Հոդվածում հիշատակվում է նաև Երևանի՝ ԵՄ անդամակցության ձգտումը և Մոսկվայի նախազգուշացումները՝ այդ ուղղությամբ Հայաստանի քայլերի հնարավոր տնտեսական հետևանքների վերաբերյալ։
Այսպիսով, Kyiv Post-ը սահմանապահների հարցը ներկայացնում է ոչ թե որպես առանձին վարչական փոփոխություն, այլ որպես Հայաստանի արտաքին քաղաքական վերակողմնորոշման բաղադրիչ։
AFP / Arab News․ Կրեմլը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ
Ֆրանսիական AFP գործակալության՝ Arab News-ում հրապարակված հոդվածը կենտրոնանում է Մոսկվայի կոշտ դիրքորոշման վրա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը և ԵԱՏՄ-ում ինտեգրումը շարունակելու ցանկությունը, Ռուսաստանի գնահատմամբ, անհամատեղելի են։
«Երկու աթոռի վրա միաժամանակ նստելու» մասին Պեսկովի ձևակերպումը AFP-ն առանձնացրել է որպես Մոսկվայի դիրքորոշման առանցքային ուղերձ։
Գործակալությունը նաև նշում է, որ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարվել եվրոպական ուղղությունից և նախատեսում է մինչև 2028 թվականը ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել։ Հրապարակման մեջ հիշատակվում է նաև, որ ԵԱՏՄ-ում դեկտեմբերին կարող է քննարկվել Հայաստանի անդամակցության կասեցման հարցը։
Anadolu․ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ռուսական ռազմաբազայի հարցը
Թուրքական Anadolu գործակալությունը ուշադրությունը կենտրոնացրել է դեկտեմբերի 3-ին նախատեսվող Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի վրա։
Գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլի ներկայացուցիչ Պեսկովը հաստատել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը։
Պեսկովը ռազմաբազան անվանել է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման կարևոր տարր՝ ընդգծելով, որ Մոսկվային հետաքրքիր է լսել հայկական կողմի դիրքորոշումը։
Anadolu-ն հիշեցնում է նաև, որ Փաշինյանը դեռ սեպտեմբերին հայտարարել էր՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակություն չունի։
The Moscow Times․ Հայաստանի եվրոպական ձգտումները՝ Մոսկվայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին
Ռուսական անկախ The Moscow Times-ը անդրադարձել է Փաշինյանի՝ ԵՄ անդամակցության գործընթացից հրաժարվելու անհնարինության մասին հայտարարությանը։
Պարբերականը ներկայացնում է նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա տնտեսական տարաձայնությունները՝ հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները, ռուսական գազի մատակարարման շուրջ հնչող նախազգուշացումները և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հարցը։
Հոդվածում նշվում է, որ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին Մոսկվա նախատեսվող այցից առաջ հույս է հայտնել, որ բանակցությունները կնպաստեն երկկողմ հարաբերություններում լարվածության թուլացմանը։
Այսպիսով, միջազգային մամուլում Հայաստանի՝ սահմանների վերահսկողությունն ամբողջությամբ ստանձնելու մտադրությունը դիտարկվում է որպես Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում կախվածությունը նվազեցնելու քայլ, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցը կարող է դառնալ Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման գլխավոր քաղաքական թեմաներից մեկը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը

