Իրանը բողոք է հայտնել Ֆրանսիային՝ իր քաղաքացիական հասարակությանն աջակցող միջոցառման անցկացման կապակցությամբ
Փարիզում Իրանի դեսպանատունը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը՝ Իրանի քաղաքացիական հասարակությանն աջակցող միջոցառման կազմակերպման առնչությամբ։ Միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, հայտնում է Intelligence Online-ը։
Թեհրանի և Փարիզի հարաբերությունները սրվել են նաև Իրանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի ձերբակալությունից հետո։ Ֆրանսիական կողմի պնդմամբ՝ դիվանագետները ենթարկվել են ծեծի։ Ի պատասխան՝ Փարիզը երկրից արտաքսել է Իրանի երկու ներկայացուցչի։
Լարվածության լրացուցիչ պատճառ է դարձել նաև Ֆրանսիայի շուրջ 700 սուպերմարկետի սառնարանային համակարգերի դեմ իրականացված կիբերհարձակումը։ Ֆրանսիայի իշխանությունները դրա կազմակերպման համար մեղադրել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող ստորաբաժանմանը։ Թեհրանը, սակայն, հերքել է մեղադրանքները։
Նոյեմբերի 25-ին Փարիզում կայացած միջոցառումը նվիրված էր Իրանի քաղաքացիական հասարակության ձայներին։ Ֆրանսիայի արտգործնախարար Բարոն ավելի վաղ հայտարարել էր, որ Փարիզը չի պատրաստվում լռեցնել Իրանի հասարակության ներկայացուցիչներին։

