ԱՄՆ-ը SpaceX-ին թույլատրել է մինչև մեկ միլիոն արբանյակ արձակել՝ տիեզերքում տվյալների կենտրոններ ստեղծելու համար
ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը (FCC) SpaceX ընկերությանը թույլատրել է ստեղծել մինչև մեկ միլիոն արբանյակից բաղկացած «Starmind» ուղեծրային համակարգ։ Դրանք նախատեսված են լինելու տիեզերքում տվյալների մշակման կենտրոնների դեր կատարելու և Երկրի վրա արհեստական բանականության զարգացման համար անհրաժեշտ հաշվարկային հզորություններ ապահովելու համար։
SpaceX-ի ծրագրի համաձայն՝ արբանյակները կաշխատեն ցածր երկրային ուղեծրում՝ մոտ 500-1002 կմ բարձրության վրա։ Դրանք տվյալները կմշակեն տիեզերքում, ապա արդյունքները կփոխանցեն Երկիր։ Ընկերությունը ակնկալում է, որ արևային էներգիայի գրեթե մշտական հասանելիությունը թույլ կտա նվազեցնել տվյալների կենտրոնների շահագործման ծախսերը։
Սակայն թույլտվությունը չի նշանակում, որ մեկ միլիոն արբանյակն անմիջապես կարձակվի։ FCC-ի սահմանած պայմաններով՝ SpaceX-ը պետք է առաջին արբանյակը ուղեծիր դուրս բերի մինչև 2033 թվականը, 2035-ին ուղեծրում ունենա առնվազն 100 հազար, իսկ 2038-ին՝ կես միլիոն արբանյակ։ Ամբողջ համակարգը պետք է տեղակայվի մինչև 2040 թվականը։
Ծրագիրը մտահոգություններ է առաջացրել գիտական հանրության շրջանում։ Ամերիկյան աստղագիտական ընկերությունը զգուշացրել է, որ այդքան մեծ թվով արբանյակներ կարող են խանգարել աստղագիտական դիտարկումներին, փոխել գիշերային երկնքի տեսքը և մեծացնել ուղեծրային գերբեռնվածության վտանգը։
FCC-ն թույլտվությունը տրամադրել է պայմաններով․ որոշ հարցեր, այդ թվում՝ 600 կմ-ից բարձր ուղեծրերում արբանյակների շահագործման ավարտից հետո դրանց հեռացման ծրագիրը, դեռ լրացուցիչ համաձայնեցման կարիք ունեն։

