Իրանը ստորգետնյա ռազմաբազայում նոր հրթիռային կայանք է ցուցադրել
Իրանը նոյեմբերի 22-ին հրապարակել է ստորգետնյա ռազմական համալիրում տեղակայված նոր հրթիռային կայանքի տեսանյութը։ Կայանքը նախատեսված է միաժամանակ երկու հեղուկ վառելիքով աշխատող հրթիռ արձակելու համար։ Սա առաջին դեպքն է, երբ Թեհրանը հրապարակայնորեն ցուցադրում է այդ համակարգը։ «Region Monitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «New York Post»-ը՝ հղում անելով Իրանի կիսապաշտոնական «Fars» լրատվական գործակալությանը։
Տեսանյութում երևում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարները, որոնք շրջում են ստորգետնյա ռազմական համալիրում։ Կադրերում ցուցադրվում են հրթիռներ, արձակման կայանքներ և այլ ռազմական տեխնիկա։ Համալիր է այցելել նաև կորպուսի գլխավոր հրամանատար Ահմադ Վահիդին։
ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Սեյեդ Մաջիդ Մուսավին հայտարարել է, որ վերջին մարտական գործողություններից հետո Իրանը զգալիորեն ընդլայնել է իր ռազմական հնարավորությունները։ Նրա խոսքով՝ երկրի զինված ուժերը իրենց զինանոցում ներառել են նոր միջոցներ, որոնք կարող են անակնկալ լինել հակառակորդի համար։
Հեղուկ վառելիքով աշխատող հրթիռները, ի տարբերություն պինդ վառելիքով աշխատող հրթիռների, արձակումից առաջ վառելիքով լիցքավորման կարիք ունեն։ Դրանք, սակայն, որոշակի հնարավորություններ են տալիս կարգավորելու հրթիռի արագությունն ու թռիչքի հետագիծը։

