Բաժիններ՝

Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների

Ինդոնեզիայի իշխանությունները հաստատել են, որ նոյեմբերի 20-ի երեկոյան Բանտեն նահանգի Սիկանդե քաղաքում գտնվող «PT Fonusa Agung Mulia» հրուշակեղենի գործարանի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ոստիկանության ներկայացուցիչ Վահյու Հիդայատիի խոսքով՝ հրդեհի ուժգնության պատճառով հայտնաբերված զոհերին հնարավոր չէ նույնականացնել արտաքին զննման միջոցով։ Նա նաև հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում զոհվածների հարազատներից ԴՆԹ նմուշներ վերցնելու ուղղությամբ․ գործընթացը կարող է մի քանի շաբաթ տևել։

Փրկարարներն այրված կառույցում շարունակում են որոնել անհետ կորած մոտ 30 մարդու։

Բանտենի որոնողափրկարարական գործակալության ղեկավար Ալ Ամրադի խոսքով՝ 29 մարդ ողջ և անվնաս է գտնվել, նրանցից հինգը հոսպիտալացվել են։

Իշխանությունները պարզում են հրդեհի պատճառը։

Աշխատանքային հարցերով նախագահի խորհրդական Սաիդ Իքբալը լրագրողներին հայտնել է, որ նախնական տվյալներով՝ հրդեհը կարող էր առաջանալ օդորակիչի կարճ միացման հետևանքով։

Գործարանի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Էրվին Վիջայան հայտնել է, որ նոյեմբերի 20-ի հերթափոխի ժամանակ գործարանային համալիրում մոտ 300 մարդ է եղել։

Գործարանը պատկանում է «United Family Food» ընկերությանը, որտեղ աշխատում է մոտ 5000 մարդ։ Այն սպառողական ապրանքների խոշոր մատակարար է ներքին շուկայում և ունի չորս գրասենյակ արտերկրում։ Ըստ ընկերության կայքի՝ արտադրանքների թվում են հրուշակեղենի հայտնի «Milkita» ապրանքանիշը և «Lemonilo» արագ պատրաստվող լապշան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30