Պետք է դադարեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը․ Արտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյանը գրել է․
«Արցախ Միություն-ը դատապարտում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոյեմբերի 19-ի պարզաբանումը, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված ՀՀ քաղաքացիների կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում պետք է նշվի «Ադրբեջան»։
Ծառայությունը դա սխալ կերպով հիմնավորում է ICAO 9303 և ISO 3166 ստանդարտներով։ Մենք ուսումնասիրել ենք հենց այդ ստանդարտները։ Դրանք նման պահանջ չունեն։
- ICAO-ի համաձայն՝ ծննդավայրի նշումն ընտրովի է, և կարող է նշվել միայն քաղաքը կամ բնակավայրը։ ISO 3166-ը պարզապես կոդավորման ստանդարտ է։
- ՀՀ նախկին օրենքը թույլ էր տալիս անձի ցանկությամբ նշել բնակավայրը։ Այդ կարգը լիովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին։
- Այդ հնարավորությունը վերացրել է 2026 թ. ընդունված «Անձը հաստատող փաստաթղթի մասին» նոր օրենքը։ Ուրեմն «Ադրբեջան» գրառումը ՀՀ օրենսդրի ընտրությունն է, ոչ թե միջազգային պահանջ։
- Մինչև 1991 թ. ծնված արցախցիները ծնվել են ԽՍՀՄ-ում, իսկ դրանից հետո՝ Արցախում, և այդ ժամանակ ոչ մի ծննդականում «Ադրբեջան» նշում չի դրվել։
Պահանջում ենք հրատապ փոփոխել օրենքը, որպեսզի պետության նշումը պարտադիր չլինի։ Մինչև այդ պետք է դադարեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը այն անձանց, ովքեր դեմ են դրան։
Այն հայրենակիցներին, ովքեր դեմ են այս գրառմանը, կոչ ենք անում փաստաթղթի համար դիմելիս ներկայացնել գրավոր դիմում և պահանջել հիմնավորված որոշում։ Արցախ Միությունը պատրաստ է տրամադրել դիմումի օրինակելի ձև և իրավական աջակցություն։
Ամբողջական հայտարարությունը՝ artsakhunion.org»

