Զելենսկին Եվրոպային ներկայացրել է սպառազինությունների և ֆինանսական աջակցության նոր պահանջների ցանկ
Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Կիևին աջակցող երկրների «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանը տեսաուղերձով դիմելով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայացրել է եվրոպական երկրներից ակնկալվող ֆինանսական և ռազմական աջակցության նոր պահանջները։
Մասնավորապես, նա խնդրել է՝
Եվս 8 միլիարդ եվրո՝ մինչև տարեվերջ։ Գումարը նախատեսվում է ուղղել Ուկրաինայի ռազմական բյուջեի պակասուրդը լրացնելուն, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ընդլայնմանը։
Եվս 40 F-16 կործանիչ։ Նշվում է, որ Ուկրաինայի ունեցած F-16-երից շատերը թռիչքների փոխարեն վերանորոգման և տեխնիկական սպասարկման մեջ են։
Եվրոպական Mirage կործանիչներ։ Զելենսկու խոսքով՝ Եվրոպան դրանցից բավականաչափ ունի, իսկ ուկրաինացի օդաչուները կարող են անմիջապես սկսել թռիչքները։ Մինչդեռ խոստացված Rafale կործանիչների համար երկարատև ուսուցում է անհրաժեշտ։
Patriot և IRIS-T հակաօդային պաշտպանության հրթիռներ՝ եվրոպական պահեստներից։ Զելենսկին առաջարկել է դրանք տրամադրել ոչ թե որպես նվիրատվություն, այլ փոխանակման սկզբունքով․ Եվրոպան այժմ կփոխանցի իր հրթիռները, իսկ հետագայում կստանա Կիևի պատվիրած նոր հրթիռները՝ դրանց արտադրությունն ավարտելուց հետո։
Հրթիռներ՝ Ռուսաստանին հակակշռելու համար։ Զելենսկին պնդել է, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին ամսական տասնյակ բալիստիկ հրթիռներ է մատակարարում, և կոչ է արել Եվրոպային նույն կերպ զինել Կիևին՝ հաշվի առնելով Մոսկվայի համագործակցությունը դաշնակիցների հետ։

