Թուրքիան ու Սիրիան նոր դաշինք են ձևավորում․ Ֆիդանը հայտարարություններ է արել Իսրայելի հասցեին
Թուրքիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Ասադ ալ-Շեյբանին Անկարայում համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել՝ ամփոփելով երկու երկրների միջև բանակցությունների արդյունքները։
Հանդիպման արդյունքներով Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են Դամասկոսում թուրք-սիրիական համալսարան հիմնելու մասին։
Թուրքիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է Իսրայելի քաղաքականությանը՝ նշելով, որ այն պետք է գիտակցի՝ հարևաններին վնասելու միջոցով սեփական անվտանգությունն ապահովել հնարավոր չէ։
«Իսրայելը պետք է վերջապես հասկանա, որ չի կարող սեփական անվտանգությունն ապահովել՝ վնասելով հարևաններին, և հրաժարվի այդ քաղաքականությունից»,- ասել է Ֆիդանը։
Անդրադառնալով պաշտպանական նախաձեռնություններին՝ նա նշել է, որ Մեքքայի պաշտպանական դաշինքի նկատմամբ հետաքրքրությունը վկայում է Թուրքիայի խաղաղ նախաձեռնությունների դրական ազդեցության մասին տարածաշրջանում։
Իր հերթին Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շեյբանին ընդգծել է Թուրքիայի դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։
«Սիրիայի կայունությունը Մերձավոր Արևելքի կայունության հիմնաքարն է, իսկ Թուրքիան այդ կայունության ապահովման անփոխարինելի գործընկերն է»,- հայտարարել է նա։

