Կամբոջան ՔՊ-ի իրականություն դարձած տենչն է

ՔՊ պարագլխի հևիհև Կամբոջա հասնելն ու չմարող հրճվանքը մատնում են, որ այդ երկիրը նրան վաղուց էր կանչում։ Ինչո՞ւ: Մի ավելորդ անգամ Մակղոնի հետ գրկախառնվելո՞ւ, թե՞ աֆրիկյան ու ասիական ֆրանսախոս առաջնորդներին իր ոսկեղենիկ անգլերենով զարմացնելու կամ հյուրանոցից տափակ ռիլսեր ուղարկելու նպատակով։ Ամենևին ո’չ։ Լրջագույն պատճառ կա, և այդ մասին` ստորև։

ՔՊ-ի պարագլխին, որը տենչում է դառնալ պարտված ու փոքր Հայաստանի անհաղթող-հզոր տիրակալ, հմայել է Կամբոջայի բռնապետական կառավարման հարուստ պատմությունը։ Ընդ որում, կամբոջական բռնապետությունը մեկ անձի դասական բռնապետությունը չէ։ Այստեղ պետությունը, կուսակցությունը, բանակը և բիզնեսը բաշխված են ընտանեկան կլանների մեկ ընդհանուր ցանցի մեջ։ Ցանցի գագաթին կանգնած է Հուն ընտանիքը։

Հուն Սենը 1985-ից երկրի փաստական ղեկավարն է։ Նա եղել է ապստամբ կարմիր քմերների ստորաբաժանման հրամանատար, հետո անցել է վիետնամցիների կողմը ու վիետնամական տիրապետության շրջանում դարձել վարչապետ։ 1997-ին իրականացրել է պետական հեղաշրջում, գահընկեց արել արքայազն Ռանարիտին, ոչնչացրել բոլոր մրցակիցներին ու իր կուսակցությունը՝ Կամբոջայի ժողովրդական կուսակցությունը (ԿԺԿ), դարձրել է պետության հոմանիշ։

Մեկ տարի առաջ 73-ամյա Սենը հրաժարական տվեց և վարչապետի պաշտոնը փոխանցեց իր ավագ որդուն՝ Հուն Մանիթին, որի հետ օրերս անձամբ առնչվելու բախտավորություն ունեցավ մեր բռնապետիկը։ Բայց Սենը պահպանեց (!) խորհրդարանի վերին պալատի Սենատի, նախագահի ու ԿԺԿ-ի նախագահի պաշտոնները, շարունակելով մնալ երկրի փաստացի ղեկավարը։ Վարչապետ Մանեթը միաժամանակ ԿԺԿ-ի փոխնախագահն է։ Ահա այսպես են բուրգի գլխին կողք կողքի դասավորվել նախկին արյունարբու կարմիր քմեր հայրն ու արևմտյան կրթություն ստացած որդին։

Կարդացեք նաև

Սենի երկրորդ որդին՝ Հուն Մանիթը, ղեկավարում է ռազմական հետախուզությունը և հանդիսանում է բանակի գլխավոր հրամանատարի տեղակալը։ Սենի կրտսեր որդին՝ Հուն Մանին, իր ավագ եղբոր տեղակալն է, փոխվարչապետը և պետական ծառայության նախարարը։ Շատ չդեգերելով Սենն իր ավագ դստեր՝ Հուն Մանայի, ենթակայությանն է հանձնել լրատվական դաշտը։ Հիմա դառնանք Սենի կողակցին՝ Բուն Ռանին։ Մերի պես նա էլ է խորացել մարդասիրական ու մերձ թեմաների մեջ, Կամբոջայի Կարմիր խաչի նախագահն է ու ղեկավարում է իշխող համեստ ընտանիքի նույնքան համեստ ակտիվները։ Հանուն արդարության ասենք, որ Հուն ընտանիքը միայնակ չի իշխում։

Նա հմտորեն իշխանությունը բաժանել է մի քանի խոշոր ընտանիքների միջև, որոնք կապված են միմյանց հետ ամուսնություններով։ Այդ շարքում առաջինը Թեա ընտանիքն է, որի նահապետ Թեա Բանհը Հուն Սենի 50 տարվա զինակիցն է։ 30 տարի պաշտպանության նախարարությունը ղեկավարելուց հետո (ՔՊ-ում նման թվերը նվազ տպավորիչ են) նա ՊՆ նախարարի աթոռը փոխանցել է իր որդուն՝ Սեյհային, որը միաժամանակ հանդիսանում է փոխվարչապետ։ Թեա Բանհի զարմիկը (եղբոր որդին)՝ Թեա Սոկհան, ռազմածովային ուժերի հրամանատարն է։

Ազդեցությամբ հաջորդը Սար ընտանիքն է, սրանք վերահսկում են ոստիկանությունը։ Այսինքն ամեն մի իշխող ընտանիք ստացել է Կամբոջա կոչվող գաթայի իր կտորը՝ հող, խաղատուն, մեդիա, բանակ, ոստիկանություն, նավատորմ և այլն։ Ահա թե ինչու 2023-25 թթ. սերնդափոփոխությունն անցավ անաղմուկ․ հայրերի տեղը զբաղեցրին որդիները, և համակարգը անցնցում ինքնավերարտադրվեց։ Իսկ ինչի վրա է կառուցված Կամբոջայի իշխանական բուրգը։ Նախևառաջ, իհարկե, բռնության, բայց ոչ միայն։

Բռնապետությունը չի կարող գոյատևել առանց պոպուլիզմի, պարզապես դրա կամբոջական ձևը տարբերվում է Դոնալդ Թրամփի, Խավիեր Միլյեի, Ջորջա Մելոնիի, Վիկտոր Օրբանի, ՔՊ-ի պարագլխի պոպուլիզմից։

Կամբոջականը պատրոնաժային (հոպարի) պոպուլիզմ է։ Հուն Սենն իրեն անվանում է Օմ (հոպար)։ Նա ասում է, Ժող ջան, ես ձեր հոպարն եմ, որովհետև ձեզ տվել եմ ամեն ինչ.  ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ։ Կամբոջական քարոզչամեքենան օրնիբուն լցնում է մարդկանց գլուխները, որ ամեն ինչ կառուցում է Հուն Սենը, ամենուր կախված են նրա դիմանկարով ու ասույթներով պաստառներ։

Ընտրողներին նա անձամբ բաժանում է 5 դոլար, հղիներին՝ 200 դոլար (հունիսի 7-ին ՔՊ-ն անհամեմատ առատաձեռն էր և անվճար բուժծառայություններն էլ ավելի տպավորիչ էին) ու բառացի ասում․ «Դուք հոպարից դպրոց եք խնդրում, հոպարից ճանապարհ եք խնդրում, ուրեմն հոպարն էլ ձեզնից ձայն է խնդրում»։ Քաղաքագիտության բաժնի առաջին կուրսեցին ձեզ կբացատրի, որ Սենի ասածը դասական կլիենտելիզմ է (երբ հանրային բարիքներն ու մարդկային իրավունքները ներկայացվում են որպես ղեկավարի (պատրոնի) անձնական բարեգթություն՝ քաղաքական հավատարմության դիմաց։

Հայկական իրականության մեջ հայտնի ձևով է Հուն Սենի շանտաժի ենթարկում ժողջանին. «Առանց ինձ կլինեն քաոս և կարմիր քմերներ»։ Բազմաչարչար կամբոջացիների սարսափը 1975-79 թթ. ցեղասպանության վերադարձն է, երբ զոհվեց բնակչության քառորդը։ Հուն Սենն անընդհատ ճչում է․ Միայն ես ու իմ կուսակցությունն ենք երաշխավորում խաղաղություն ու կայունությունը, իսկ ընդդիմությունը նոր պատերազմ է բերելու։ Հայաստանում այս նարատիվն աշխատում է արդեն 8.5 տարի, Կամբոջայում աշխատել է 30 տարի։ Ինչպես տեսնում եք, երկարակեցության դեռ մեծ պաշար ունի ՔՊ-ն։

Իսկ երբ Հուն Սենի վարկանիշն ընկնում է, նա փչում է ազգայնականության զուռնան ու սահմանային զինված բախումներ հրահրում հարևան Թաիլանդի հետ, լարում Վիետնամի հետ հարաբերությունները։ Ընդդիմությունը, ոչինչ չունենալով ընդդեմ Սենի անամոթ պոպուլիզմի, հարկադրված ինքն էլ է պոպուլիզմ խաղում, բայց հակառակ դիրքից, օրինակ, իշխանությանն անվանում է «Վիետնամի խամաճիկ»։

Սակայն իշխանության պոպուլիզմը գործուն ազդեցություն ունի ժողովրդի վրա, ընդդիմության պոպուլիզմը՝ ոչ, որովհետև իշխանությունը տալու բան ունի, ընդդիմությունը՝ ոչ։ 2017-ին Կամբոջայում հաստատվեց փաստական միակուսակցական կառավարում, որովհետև արգելվեց ընդդիմադիր միակ կուսակցությունը՝ Ազգային փրկության կուսակցությունը, որը 2013-ի ընտրություններում ստացել էր 44% ձայն, բայց չկարողացավ կարգախոսներից զատ որևէ ծրագիր առաջարկել։

Պոպուլիզմն այնտեղ և այստեղ գաղափարախոսություն չէ, այլ իշխանությունը պահպանելու տեխնոլոգիա.  փշրանքներ բաժանիր ժողովրդին և վախեցրու նրան անցյալի դժվարություններով ու պատերազմով։ Կամբոջայում, ինչպես և Հայաստանում պարբերաբար անց են կացվում ընտրություններ, բայց շնորհիվ պետական ապարատի տոտալ վերահսկողության, ոստիկանական, դատախազական, դատական մամլիչի, ընտրակեղծարարության, հաղթում է իշխող ուժը, որն առատ վարկեր ու ներդրումներ է ստանում դրսից (Հայաստանն՝ Արևմուտքից, Կամբոջան՝ Չինաստանից), անխնա շահագործում է բնական հարստությունները (Հայաստանը՝ ընդերքը, Կամբոջան՝ հողն ու անտառները)։

Երկու երկրներում էլ պետական վերնախավը շահագրգռված է խաղատների գերշահույթներով։ Կամբոջական կլաններին առանձնակի եկամուտ են ապահովում կիբեր խարդախության կենտրոնները (ըստ Amnisty International-ի, մինչև $12,5 մլրդ կամ ՀՆԱ-ի կեսը)։

ՔՊ-ի պարագլուխը շատ բան ունի սովորելու Հուն ընտանիքից. հարստության կենտրոնացում մի քանի ընտանիքների ձեռքում, ժողովրդի ահաբեկում ու փշրանքներով սիրաշահում, ընդդիմության դուրս մղում քաղաքական դաշտից, ընտրություններով ժողովրդավարության պատրանքի ստեղծում։ Իսկ եթե սովորելու և ընդօրինակելու հարցում թերանա, ապա Արևմուտքը կօգնի։

Չէ՞ որ 1985 թվականից հետո Կամբոջայի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը պայմանավորված էր Վիետնամի և ԽՍՀՄ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայությամբ, ինչը հանգեցնում էր կոալիցիոն ուժերի, այդ թվում՝ Կամբոջայի ժողովրդի դահիճները հանդիսացող կարմիր քմերների դիվանագիտական աջակցությանը:

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30