Չնայած խոստացված աստիճանական նվազմանը՝ 2027-ին Բաքվի ռազմական բյուջեն կավելանա
Ադրբեջանը 2027 թվականին պաշտպանության և անվտանգության ոլորտին նախատեսում է հատկացնել 8,8164 մլրդ մանաթ՝ մոտ 5,19 մլրդ դոլար, ինչը կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի շուրջ 21 տոկոսը։ Սա 1,1 տոկոսով գերազանցում է 2026 թվականի համար հաստատված ռազմական բյուջեն՝ 8 միլիարդ 717 միլիոն 581 հազար 860 մանաթ:
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր ռազմական ծախսերն առաջիկա տարիներին աստիճանաբար նվազեցնելու մտադրության մասին։ Ըստ հրապարակված կանխատեսումների, օրինակ, 2030 թվականին դրանք կարող են հասնել 7,969 մլրդ մանաթի։
Նույն ժամանակ ադրբեջանական փորձագետները նկատել էին, որ Բաքվի պաշտպանական ծախսերի առաջիկա 4 տարիների նշված աստիճանական կրճատումը չափավոր է, այսինքն, բնավ չի ենթադրում ռազմական պոտենցիալի նվազում, այն ընդամենը վկայում է արդիականացման ցիկլի ավարտի մասին:

Թե երբ և ինչ տեմպերով կսկսվի նախկինում հայտարարված նվազումը, դեռևս հստակ չէ։ Ներկա պահին առնվազն 2027 թվականի բյուջեի նախագծով խոսքը ռազմական ծախսերի կրճատման մասին չէ։ Ընդհակառակը՝ արձանագրվում է չափավոր աճ։

