Վենեսուելայի նախագահը խոստացել է երկրում ընտրություններ անցկացնել՝ «լիարժեք ժողովրդավարության» անցնելու նպատակով
Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ երկիրը «լիարժեք ժողովրդավարության» անցնելու նպատակով ընտրություններ կանցկացնի։ Այդուհանդերձ, նա քվեարկության հստակ ժամկետ չի նշել։
«Ես ուզում եմ դա շատ հստակ հայտարարել այս Գլխավոր ասամբլեայում․ Վենեսուելայում ընտրություններ են լինելու», – ասել է Ռոդրիգեսը, որը իշխանության է եկել այն բանից հետո, երբ 2026 թվականի հունվարին ԱՄՆ ուժերը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել էին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
Ռոդրիգեսի խոսքով՝ կառավարությունը բանակցություններ է սկսել ընդդիմության հետ և երաշխավորելու է բոլոր քաղաքական ուժերի մասնակցությունը։ Նա հավելել է, որ ազգային հաստատությունները նախապատրաստվում են ընտրական գործընթացին։
«Վենեսուելան սկսել է ժողովրդավարական վերափոխման գործընթաց՝ իր վերածննդի համար։ Դրա նպատակն է կառուցել բոլորի համար ավելի ազատ, ավելի բարեկեցիկ և ինքն իր հետ ավելի հաշտ երկիր», – ասել է Ռոդրիգեսը։
Ռոդրիգեսը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Վենեսուելային՝ «անորոշության և հակամարտության փուլից դեպի լիարժեք ժողովրդավարության փուլ» անցնելու գործընթացում։
Վենեսուելայի և ԱՄՆ-ի իշխանությունները նախկինում ևս ընդգծել են ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ առանց ընտրությունների հստակ ժամկետներ սահմանելու։ Ընդդիմությունը նման ընտրությունների անցկացման համար կարևոր պայման է համարում անկախ Գերագույն դատարանի և Ազգային ընտրական խորհրդի ձևավորումը։
Ռոդրիգեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և գովաբանել նրան Վենեսուելայի հետ երկխոսություն վերսկսելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Թրամփն ու Ռոդրիգեսը քննարկել են հարավամերիկյան երկրի՝ միլիարդավոր դոլարների հասնող պետական պարտքի հարցը։ Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը հանդես է եկել քաղաքական փոփոխությունների օգտին։
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ նախքան ընտրությունների անցկացումը Վենեսուելան պետք է կայունանա և վերականգնվի տնտեսապես։

