Ալիևը՝ Շուշիի հռչակագրի մասին, թուրքական ստորաբաժանումները՝ Նախիջևանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 17-ին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ԱԽ քարտուղարների և ղեկավար անձանց հետ հանդիպմանը հատուկ անդրադարձել է Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին:
Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունների հիմքում քաղաքական շահերն են, անվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներին առնչվող հարցերը: Այսինքն, Թուրքիան և Ադրբեջանը՝ որպես միասնական տարածք են նաև ներկայանում կարևոր գործոն մեր տարածաշրջանում։
«Մեր համատեղ գործունեությունն էլ ավելի է ամրապնդում կայունությունը մեր տարածաշրջանում և աշխարհում, հատկապես ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Իհարկե, Շուշիի հռչակագիրը, որը ես 2021 թվականին Շուշիում ստորագրել եմ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների գագաթնակետն ու պսակն է։ Իրականում մենք նաև նախկինում էլ էինք դաշնակիցներ, սակայն Շուշիի հռչակագիրը մեզ դաշնակիցներ դարձրեց պաշտոնապես: Այդ ժամանակից արդեն ավելի քան 5 տարի է անցել, և յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր ամիս մեր միասնությունն ամրապնդվում է, իսկ աշխարհում մեր դերն ավելի է ուժեղանում։
Մենք բոլորս ընդունում ենք միջազգային իրավունքի գերակայությունը, և այսօր աշխարհում միջազգային իրավունքից բացի, այլ մեխանիզմ չկա։ Բայց շատ դեպքերում միջազգային իրավունքը խախտվում է, և գերակայում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» սկզբունքը։ Դրա դեմ միայնակ պայքարելը շատ դժվար է»,- հայտարարել է Ալիևը, ով վերջին օրերին առաջին անգամ չէ, որ ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ ուժի գործոնն այսօր գերակա է, որոշիչ, և, որ իրավացի է ընկալվում նա, ով ուժեղ է:
Ուստի Ադրբեջանն իր անվտանգության ապահովման գործոն է համարում ռազմական ուժի հզորացումը, հատկապես, երբ, ինչպես Ալիևն է նշել, իրենց շուրջը պատերազմներ են ընթանում, և դրանց վերջ ու սահման չկա։
«Պատերազմների աշխարհագրությունն ընդլայնվում է։
Պատերազմող կողմերի փոխադարձ թշնամանքն ընդգծված բնույթ է ստանում։ Այս ամենը կարող է հանգեցնել, և փաստացի մեր երկրների պարագծով արդեն իսկ հանգեցնում է հակամարտությունների աշխարհագրության ընդլայնմանը։ Եվ տվյալ դեպքում, եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա և’ հյուսիսում, և’ հարավում մեր հարևանները պատերազմող երկրներ են։ Ու այս համատեքստում, անշուշտ, տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանում, առանց դրա, զարգացման մասին ոչ մի խոսք չի կարող լինել»,- Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը շեշտել է նա` միաժամանակ նկատելով, որ առանց էներգետիկ անվտանգության և տրանսպորտային կապվածության, չի կարելի գլոբալ առումով խոսել անվտանգության մասին:
Եվ Ալիևի հիշատակած Շուշիի հռչակագրում այս բոլոր հարցերը, ըստ էության, հաշվի են առնված, մասնավորապես`
■ Կողմերը կշարունակեն ջանքերը՝ ուղղված Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանի պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը և երկարատև խաղաղության ապահովմանը։ Այս համատեքստում հաշվի կառնվի Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության առանձնահատուկ աշխարհագրական դիրքը։
■ Կողմերը կամրապնդեն փոխադարձ համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել երկու երկրների տարածքով անցնող Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջին միջանցքի մրցունակությունը։ Ադրբեջանն ու Թուրքիան, օգտագործելով խելացի տրանսպորտային համակարգերի տեխնոլոգիաները, հետագայում ևս կզարգացնեն տարանցիկ-տրանսպորտային ներուժը միջազգային տրանսպորտային միջանցքների ադրբեջանա-թուրքական հատվածներում։
■ Կողմերն ընդգծում են Ադրբեջանն ու Թուրքիան կապող «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը և, որպես դրա շարունակություն, Նախիջևան-Կարս երկաթգծի կառուցման կարևոր ներդրումը երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցության կապերի ակտիվացման գործում։
■ Կողմերն ընդգծում են Թուրքիայի և Ադրբեջանի առաջատար դերը ռազմավարական «Հարավային գազային միջանցք»-ի իրականացման գործում, որը նպաստում է տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև՝ ապահովում բնական գազի աղբյուրների ու երթուղիների դիվերսիֆիկացումը։ Կողմերը համակարգված ձևով կշարունակեն ջանքերը՝ ուղղված Հարավային գազային միջանցքի արդյունավետ օգտագործմանն ու հետագա զարգացմանը։ Կողմերը, նաև հաշվի առնելով գլոբալ էներգետիկ սեկտորում տեղի ունեցող գործընթացները, մտադրություն են հայտնում շարունակել ջանքերը նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում՝ ակտիվացնելով տարածաշրջանային համագործակցությանը նպաստող քայլերը, որպեսզի ուժեղացվի տարածաշրջանի էներգամատակարարման անվտանգությունը:
Բնականաբար, հռչակագրում կարևոր տեղ է հատկացված թուրք-ադրբեջանական անվտանգային պարտավորություններին, ինչը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Փաստաղթղթում, մասնավորապես, նշվում է.
■ Երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ, կողմերն անցկացնելու են համատեղ խորհրդակցություններ՝ այդ սպառնալիքը կամ ագրեսիան վերացնելու համար։ Կամ հանդես են գալու նախաձեռնություններով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին համապատասխան, և միմյանց անհրաժեշտ օգնություն են տրամադրելու՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Այդ օգնության ծավալն ու ձևը որոշվելու է անհետաձգելի քննարկումների ընթացքում, որոշում է կայացվելու պաշտպանական կարիքների ապահովման համատեղ միջոցառումների իրականացման և ԶՈՒ-ի ուժային և հրամանատարական կառույցների համակարգված գործունեության կազմակերպման վերաբերյալ:
■ Կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ուղղված երկու եղբայրական երկրների զինված ուժերի վերակազմավորմանը և արդիականացմանը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան:
■ Կողմերը կխրախուսեն պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդմանն ուղղված անձնակազմի փոխանակումը, համատեղ պարապմունքների ու զորավարժությունների անցկացումը, երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության կարողության բարձրացումը: Ադրբեջանն ու Թուրքիան կաջակցեն այլ բարեկամ պետությունների բանակների հետ համատեղ ռազմական զորավարժությունների անցկացմանը։
Ու մինչև Ալիևը Բաքվում թուրք-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում հիշեցնում էր այս ամենի մասին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ հերթական զորավարժության մասին` «Միության ուժը-2026»:
Ընդ որում, նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարությունն ավարտել է «Միության ուժը-2026» զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներով:
Ավելին, զորավարժության շրջանակում թուրքական ստորաբաժանումները սկսել են Կարսի կայազորից տեղափոխվել Ադրբեջանի «Ղզըլղայա» և «Ղարաբաղլար» զորավարժարաններ, ընդ որում, խոսքը Նախիջևանի ուղղության մասին է նաև։
Մասնավորապես, «Ղարաբաղլար» զորավարժարանում կամ ուսումնական կենտրոնում, որը գտնվում է ինքնավար հանրապետության տարածքում, անցած տարի Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները և Թուրքիայի 9-րդ Կոմանդոսային բրիգադը ևս զորավարժություններ են անցկացրել լեռնային պայմաններում:
Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել , որ Կարսից Ադրբեջան է տեղափոխվել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմն ու ավիացիոն տեխնիկան, որ զորավարժությանը մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի զինված ուժերի ստորաբաժանումները, և որ ռազմական միջոցառումն անցկացվելու է 3 փուլով` Նախիջևանում, օկուպացված Արցախի տարածքում և Կասպից ծովի ջրերում։
Այսինքն, առաջիկա օրերին նաև Հայաստանի սահմանին մոտ է Թուրքիայի կողմից մշակված սցենարով զորավարժություն նախատեսվում, և թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներն արդեն Նախիջևանում են։ Թե որքանով է Նախիջևանում նախատեսված զորավարժության սցենարը Հայաստանի դեմ, հայտնի չէ, բայց ոչինչ բացառել չի կարելի։

