Գյումրիում հնչած կրակոցների պատճառը գումարային պա՞րտքն է
Հուլիսի 9-ին, երեկոյան` ժամը 22:30-ի սահմաններում Գյումրիի Կամո 51 հասցեում գտնվող տան դիմաց լսվել են կրակոցներ: Դեպքի վայրը մոտավորապես նույնն էր, ինչ ամիսներ առաջ՝ ապրիլին տեղի ունեցած միջադեպը` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջև:
Մի խումբ զինված մարդիկ հարձակվել են նշված հասցեով բնակվող ոսկերիչ Աղվան Գևորգյանի տան վրա: Հարձակման արդյունքում դանակահարվել է Աղվան Գևորգյանի թոռը, ում որովայնի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց:
Տուժածը տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, վիճակը կայուն ծանր է: Երիտասարդներին սթափեցնելու և հեռացնելու համար Աղվան Գևորգյանի որդին մի քանի անգամ օդում կրակոցներ է արձակել:
Երեկոյան իրարանցումից հետո Աղվան Գևորգյանի հարևաններից մեկը, ով մեզ հետ զրույցում չցանկացավ հրապարակել իր անունը, սոցիալական ցանցերից մեկում համապատասխան գրառում էր կատարել, սակայն, երբ ցանկացանք ճշտել, թե ի՞նչ մանրամասներ կարող է մեզ փոխանցել, նա պատասխանեց, որ ջնջել է գրառումը` չցանկանալով, որ իրադարձությունների շրջանակներում իր անունը ևս շոշափվի.
«Գրել էի, շատ էի ջղայնացել, ահավոր բան էր, բայց փոշմանեցի, որ գրել էի, վախեցա անունս շոշափվեր, կրակն ընկնեի, ոչ մի բան չգիտեմ…,- ասաց նա: Մարդիկ վախենում են որևէ բան խոսել դեպքի կապակցությամբ:
Միջադեպի պատճառն, ըստ տարբեր աղբյուրների, եղել է գումարային պարտքը, որից էլ ծագել է վեճը: Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, ինչն էլ հասցրել է նման ավարտի: