Վանաձորում թանկացել են տաքսի ծառայության գները
Հուլիսի 7-ից հանրապետությունում բարձրացան գազի ու էլեկտրաէներգիայի սակագները: Եթե նախկինում սպառողը մեկ խորանարդ մետր գազի համար վճարում էր 132 դրամ, ապա այսուհետ պետք է վճարի 156 դրամ: 8 դրամով թանկացավ նաեւ էլեկտրաէներգիան՝ 1 կվ-ի համար 30-ից 38 դրամ: asparez.am-ի փոխանցմամբ՝ Վանաձորում հուլիսի 7-ից բարձրացան ոչ միայն էլէկտրաէներգիայի ու կապույտ վառելիքի, այլ նաեւ տաքսի ծառայության գները: Եթե դեռեւս մի քանի օր առաջ վանաձորցիները տաքսի ծառայություններից օգտվելու համար, 1կմ-ի դիմաց վճարում էին 100 դրամ, 1-5 կմ-ի համար՝ 500 դրամ, այսօր արդեն 1կմ արժե՝ 120 դրամ, 1-5 կմ՝ 600 դրամ:
«Նախկինում մեքենան գազով լիցքավորում էի ամենաշատը 2500 դրամի, հիմա՝ 3300-ի: Էս ժողովուրդը մեղք է, էսքան փող են տալու, մենք էլ չենք կարում նույնիսկ մեքենան պահենք: Արդեն քիչ կօգտվեն մեր ծառայություններից, իրանց համար ավելի լավ ա կամ մարշուտկայով գնան, կամ ավտոբուսով»,- ասել է տաքսու վարորդ Վ. Տեր-Օհանյանը:
Իսկ վանաձորցիներից ոմանք գտնում են, որ պետք չէ օգտվել թե՛ մեկից, թե՛ մյուսից:
«Ինչի՞ եմ օգտվում տաքսիներից, նույնիսկ մարշուտկայից չեմ օգտվում: Ոտքով եմ գնում, և՛ մարզանք ա, և՛ առողջարար: Փողերը թափվո՞ւմ ա կռիշից, որ էդ էլ տամ իրանց»,- ասել է Վանաձորի բնակչուհի տիկին Ռիտան: