Փոխվարչապետն ընդունեց Լիտվայի դեսպանին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ  եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Նա նշեց, որ Հայաստանը Լիտվայի հետ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունի եւ մեծ նշանակություն է տալիս  երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Փոխվարչապետի խոսքով` ԵՄ անդամ Լիտվայի արձանագրած հաջողություններն ու փորձը, մասնավորապես` տարածքային զարգացման ոլորտում, հետաքրքիր եւ օգտակար կարող են լինել Հայաստանի համար:  Նա նաեւ կարեւորեց երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը:

Ա. Գեւորգյանն անդրադարձավ նաեւ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին` նշելով, որ հիմքում տարածքների համաչափ զարգացումն է, եւ դրանց իրականացման հարցում Հայաստանն ակնկալում է նաեւ Եվրամիության  ու անդամ երկրների աջակցությունը:

Դեսպանը վստահեցրեց, որ իր կողմից կանի հնարավորը`  երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը նպաստելու համար: Նա ընդգծեց երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը`  կարեւորելով նաեւ  միջտարածաշրջանային փոխգործակցությունը:

Անդրադառնալով Եվրամիությունում Լիտվայի նախագահությանը` դեսպանը նշեց, որ նախագահության ընթացքում մեծ նշանակություն է տրվելու Արեւելյան  գործընկերության շրջանակում համագործակցությանը, եւ Լիտվան այդ  գործընկերության զարգացման ջատագովներից է:

Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանում իրականացվող  ԵՄ  ծրագրերին, մասնավորապես  «Թվինինգ» ծրագրի  ընթացքին: Փոխվարչապետը տեղեկություններ  ներկայացրեց նաեւ Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում իրականացված եւ իրականացվելիք միջոցառումների մասին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս