Եգիպտոսի բանակն իշխանությունից հեռացրեց նախագահ Մուհամմադ Մուրսիին

Եգիպտոսի բանակն իշխանությունից հեռացրել է երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիին և առաջարկել ճանապարհային քարտեզ` երկրի քաղաքական ապագայի համար: Այս մասին հայտնում է արաբական ալ-Ջազիրա հեռուստաընկերության պաշտոնական կայքը:

Մուրսիի տապալման մասին Եգիպտոսի պետական հեռուստաալիքի ուղիղ եթերով հայտարարել է Եգիպտոսի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին: Վերջինս հայտարարել է նոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին` նշելով, որ ճանապարհային քարտեզն արդեն  համաձայնեցվել է մի շարք քաղաքական ուժերի հետ:

Հիշեցնենք, որ Մուհամմադ Մուրսին արդեն երկրորդ նախագահն է, ով տապալվում է ընդամենը երկու տարվա ընթացքում. 2011 թ. փետրվարի 11-ին, այսպես կոչված, «արաբական գարնան» առաջին ալիքի արդյունքում իր հրաժարականի մասին հայտարարեց Հոսնի Մուբարաքը, սակայն տեղի ունեցած նոր նախագահական ընտրությունները չնպաստեցին երկրում կայունության հաստատմանը: Նոր նախագահ ընտրվեց Մուհամմադ Մուրսին, ով իսլամիստական Մուսուլման եղբայրներ կազմակերպության անդամ է, սակայն նրա վարած քաղաքականությունը առաջ բերեց ավելի մեծ թվով եգիպտացիների դժգոհությունը:

Մուրսիի դեմ ընդվզումն իր գագաթնակետին հասավ նախորդ կիրակի օրը, երբ Եգիպտոսի մի շարք քաղաքներում բողոքի ցույցի դուրս եկան միլիոնավոր եգիպտացիներ, որից հետո երկրի բանակը վերջնագիր ներկայացրեց Եգիպտոսի քաղաքական ուժերին` ճնաժամից դուրս գալու ճանապարհ գտնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031