Եգիպտոսում իշխանության դեմ բողոքի ցույցերին մասնակցել են շուրջ 17 մլն քաղաքացիներ (ֆոտոշարք)
Երեկ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի հսկայական ցույցեր` ընդդեմ երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիի իշխանության: Ըստ հայտնի «ալ-Արաբիա» հեռուստաընկերության տվյալների` տեղի ունեցած քայլարշավերին և ցույցերին մասնակցել են միլիոնավոր եգիպտացիներ. Կահիրեում, Ալեքսանդրիայում, Սուեզում, Պորտ-Սայիդում և մի շարք այլ քաղաքներում փողոց են դուրս եկել շուրջ 17 միլիոն քաղաքացիներ:
Նշենք, որ բողոքի ակցիաները ղեկավարում է Թամառուդ (ապստամբություն) շարժումը, որի կողմնակիցները երեկ մի քանի քաղաքներում հարձակվել են իշխող Մուսուլման եղբայրներ կուսակցության գրասենյակների վրա: Արդեն հայտնի է, որ ցույցերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև, որի հետևանքով զոհվել են ավելի քան 10 հոգի, և շուրջ 250-ը` վիրավորվել: BBC-ն նշում է, որ պաշտոնական տվյալները հայտնում են 8 զոհերի մասին, թեև ավելացնում է, որ ոչ պաշտոնական տվյալներով` կիրակի օրը սպանվել են ևս 8 հոգի:
Մեջբերելով արաբական ալ-Վաթան լրատվականի կայքին` բրիտանական լրատվամիջոցը հայտնում է, որ կիրակնօրյա միլիոնների ցույցից հետո ռեժիմի տապալման համար պայքարող ժողովրդին իրենց համերաշխությունն են հայտնել տուրիզմի, կապի և շրջակա միջավայրերի նախարարները:
Հիշեցնենք, որ անկարգությունները Եգիպտոսի Արաբական Հանրապետության սկսվեցին ավելի քան 2 տարի առաջ` 2011 թ. հունվարից, որի արդյունքում 2011 թ. փետրվարի 11-ին երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց: Սակայն տեղի ունեցած նոր նախագահական ընտրությունները չնպաստեցին երկրում կայունության հաստատմանը:
Նոր նախագահ ընտրվեց Մուհամմադ Մուրսին, ով իսլամիստական Մուսուլման եղբայրներ կազմակերպության անդամ է, սակայն նրա վարած քաղաքականությունը առաջ բերեց ավելի մեծ թվով եգիպտացիների դժգոհությունը, քան «արաբական գարնան» առաջին օրերին էր` ընդդեմ Հոսնի Մուբարաքի: Կիրակի օրվա բողոքի ցույցը նվիրված էր Մուսուլման եղբայների և Մուրսիի կառավարման մեկամյակին:
Կիրակնօրյա միլիոնների ցույցը ներկայացնում ենք ֆոտոշարքով: