Արտեմ Ասատրյանը համաձայն չէ Հովիկ Աբրահամյանի հետ. Համաձայն չեմ, որ պետական բյուջեի միջոցները լափվում են
«Համաձայն չեմ, որ պետական բյուջեի միջոցները լափվում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ բյուջեում սոցիալական ծախսերը կազմում են 280 մլրդ դրամ:
Կենսաթոշակների և նպաստների վճարման օրինականության մասով ՎՊ ստուգումները նոր չեն, դեռ 2010-ից են իրականացվում: Ա. Ասատրյանի խոսքով՝ այս ագամ ՎՊ ուսումնասիրությունն իրականացվել է տեղեկատվության ուսումնասիրության միջոցով, այսինքն՝ ՎՊ-ն անդրադարձ է կատարել եղած իրավիճակին: Հաշվետվության մեջ փաստվել է, որ բավականին մեծ աշխատանք է իրականացվել, տեղեկատվական շտեմարանն է ներդրվել, 2012 թ. հունիսից զուգահեռ շահագործվում էին հին ու նոր համակարգերը, այս տարի հունիսից բացառապես նոր տեղեկատվական համակարգն է կիրառվում:
Նախարարի հավաստմամբ՝ տեղեկատվության ճշգրտումը բավականին խնդիրներ է լուծել այս ընթացքում, ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի խնայողություն եղավ: Կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտումները շարունակվել են այս տարի:
Տարեցների և երեխաների շուրջօրյա խնամքի մասով ՎՊ-ն ստուգել է 5 գիշերօթիկ, 3 տուն-ինտերնատներ, որտեղ գնումների հետ կապված տարաբնույթ խախտումներ են արձանագրվել՝ կազմակերպություններ, որ մասնակցել են գնումներին նույնիսկ դրա իրավունքը չունենալով: Նախարարը հայտարարեց, որ ՎՊ ընթացակարգային խախտումների հետ համաձայն են, բաց այդ գործընթացները կանոնակարգվել են, 150 մլն դրամի խնայողություն են ունեցել:
«Խնամքի կազմակերպություններում մի շարք թերացումներ կան, բայց դրանք օրենսդրական բացերի արդյունք են և օրենսդրական փոփոփոխություններ են նախապատրաստվել»,- ասաց Ա.Ասատրյանը:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի հետ կապված օֆշորային սկանդալին, Ա.Ասատրյաը պատասխանեց, որ Տ.Սարգսյան դիմել է համապատասխան մարմիններին, և պետք է սպասել արձագանքներին: